Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները և Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները:
Ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ պարոն Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը և հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Հովիկ Աբրահամյանին փոխանցել է Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիևայի ջերմ ողջույնները և պաշտոնական այցի հրավերը: Պարոն Բերդիմուհամեդովի համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Նա կարևոր և օգտակար է համարել Հայաստանի փորձը օրենսդրական բարեփոխումների ոլորտում: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության զարգացումը` Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առևտրատնտեսական ու գիտամշակութային կապերը և տեղեկացրեց, որ այսօր մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել: Պարոն Բերդիմուհամեդովը նշել է, որ առևտրատնեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով 2013թ. Աշգաբադում կկազմակերպվի գործարար ֆորում և Հովիկ Աբրահամյանին հրավիրել է մասնակցել այդ միջոցառմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:










































