Երեկ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Նոր Զելանդիայում ներկա է եղել իր գործընկեր Փիթեր Ջեքսոնի նոր` «Հոբիթ: Անսպասելի ճանապարհորդություն» եռագրության առաջին ֆիլմի պրեմիերային: The West Austrailian թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ եթե «վայրկյանում 48 կադր» ձևաչափով նկարահանված ֆիլմին հանդիսատեսը դրականորեն արձագանքի, ինքը չի բացառում, որ «Ավատարը» կգնա «Հոբիթի» հետքերով:
Քեմերոնի խոսքով` Ջեքսոնի «Հոբիթը» կարող է կինեմատոգրաֆիայի համար անել այն, ինչ իր ժամանակին 3D ձևաչափի համար արեց «Ավատարը»:
Ի դեպ, Քեմերոնը Նոր Զելանդիայում է ոչ միայն ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար. նա այստեղ աշխատում է իր երկու «Ավատարների» սցենարների վրա, որոնք ցանկանում է ավարտին հասցնել փետրվարին, որպեսզի նախապատրաստական աշխատանքներից անմիջապես հետո սկսի նկարահանումները: Նախատեսվում է, որ նկարահանումները կսկսվեն 2013-ի վերջին:
Առայժմ ապագա «Ավատարների» մասին քիչ բան է հայտնի: Ըստ ծրագրվածի՝ «Ավատարի» շարունակությունը պետք է էկրան բարձրացնա 2015թ.: Քեմերոնը կկենտրոնանա Պանդորա մոլորակի ստորջրյա աշխարհի վրա: Չորրոդ «Ավատարը» կլինի պրիկվել և կպատմի Նավիներով բնակեցված մոլորակ մարդկանց առաջին արշավախմբերի մասին: Քեմերոնը պատրաստում է հերթական տեխնոլոգիական բեկումը՝ փոխելով կինոարտադրության ավանդական համակարգն ու դերասանների հետ աշխատելու ձևը:










































