ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չի պատրաստվում հրաժարական տալ, գոնե առայժմ` հավաստիացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ լուրեր էին տարածվել, թե տնտեսական ողջ թիմն է պատրաստվում հրաժարական տալ, ինչը չեղավ:
Արամյանի կարծիքով` նման լուրեր տարածելու մեջ շահագրգռված են պաշտոնյաների ընտանիքները:
«Եթե նման բան լինի, Դուք հաստատ կիմանաք համապատասխան մարդկանցից: Երբ մարդիկ ասում են՝ ո՞ւմ է դա պետք, մենք ասում ենք՝ մեր ընտանիքներին, որովհետև մենք աշխատում ենք մինչև երեկոյան ժամը 10-11-ը: Այլ հարց է, թե ով է տարածել: Բնականաբար՝ մեր ընտանիքները չեն տարածել, բայց ո՞ւմ է պետք՝ մեր ընտանիքներին, իհարկե, պետք է, որ մենք այդքան չաշխատենք»,- ասաց Վ. Արամյանը:
Մեր դիտարկմանը, որ լուրերի համաձայն` փոխնախարարներից մեկն է զբաղեցնելու նախարարի պաշտոնը, Արամյանը նախ հետաքրքրվեց` ո՞վ, հետո նկատեց. «Դուք ինձնից ավելի լավ եք տեղեկացված»:










































