Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկին` 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հարցով նոր հանձնաժողով ստեղծելու մասին, նշեց. «Հույս ունենալ, որ մեզ մոտ այնքան լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որ հանձնաժողովի հավաքած փաստաթղթերը և փաստերը կարող են ճիշտ գնահատականի արժանանալ` ես չեմ կարծում, թե այդպես կլինի: Մենք կրկին կկանգնենք նույն փակուղու առաջ` փաստերը, ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգով գնահատականների չեն արժանանա, և կրկին մենք կկանգնենք նույն իրավիճակի առջև` Մարտի 1-ի վերաբերյալ ունենք այն, ինչ ունեցել ենք 2008 թվականին` ապացույցների բազայի առումով»:
Ս. Սաֆարյանը հավելեց նաև, որ արդյունավետության առումով լծակներ չկան. «Մինչդեռ ԱԺ-ն կարող էր օգտագործել իր սահմանադրական լիազորությունները, իր ակտիվ միջամտությամբ ու հարցապնդումներով հասնել նրան, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը աշխատանք տանի այդ ուղղությամբ»:











































