Oրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված մրցույթը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար, շարունակում է բնապահպանության նախարարության և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ուշադրության կենտրոնում մնալ:
Նախապես մրցույթին հայտ ներկայացրած և «ջախջախիչ» հաղթանակ տարած Գաբրիել Պողոսյանի պատասխաններն արդեն մի քանի օր է, ինչ ցնցել են բնապահպաններին: Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան–ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը նշել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ արգելոցի տնօրեն է դառնալու Նոնո մականունով որսագողը (Գաբրիել Պողոսյան), որի միջոցով նախարարությունը փորձելու է ավելի լեգիտիմացնել «Խոսրովի արգելոց»-ում իրականացվող որսը:
«Մեզ անհանգստացնում է այն, որ ով ուզում է՝ կարող է դառնալ արգելոցի տնօրեն, չկա՞ն ինչ-որ չափանիշներ: Նախարարության ներկայացուցիչներն, իհարկե, այդ հարցերը չեն ցանկանա քննարկել մեզ հետ»,- նշել էր Մարիամ Սուխուդյանը: Բնապահպանության նախարարությունում անցկացված մրցույթը և բնությանը, բնապահպանությանն առնչվող ամենատարրական հարցերի վերաբերյալ Գաբրիել Պողոսյանի կցկտուր պատասխանները վերահաստատեցին ակտիվիստների ավելի վաղ հայտնած մտավախությունները: Ուստի նրանք պահանջեցին անհապաղ չեղյալ ճանաչել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար 23.11.2012 թ. ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված մրցույթը:
«Անհնար է, որպեսզի բնության հատուկ պահպանվող տարածքի, այն էլ ամենախիստ ռեժիմ ունեցող տարածքի կառավարումը ստանձնի այս կիսագրագետը, ով իր իսկ կողմից ավարտած բուհի անունը սխալ է արտասանում, «էկոհամակարգ» հասկացությանն անհասկանալի սահմանում է տալիս, որի լեզուն միայն ՀՀ բնապահպանության նախարարը հասկացավ»,- նշել էին բնապահպանները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը նախարարությունում անցկացված մրցույթը, տնօրենի թեկնածուի պատասխանները և խոսքը «խայտառակություն» անվանեց: Ըստ նրա՝ կասկածելի է այն, որ Գաբրել Պողոսյանի կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված փաստաթղթերը չեն հրապարակվել պաշտոնապես, և ոչ ոք չգիտի «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի նոր տնօրենի ինքնակենսագրությունը, հայտնի չէ, թե ինչ հայեցակարգ ունի տվյալ աշխատանքն իրականացնելու համար, այսինքն, որպես մենեջեր, ինչ է անելու: «Մենք ասում ենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգում որսորդներին արգելվում է աշխատել: Ակնհայտ երևաց, որ այդ թեկնածուն բնապահպանության նախարարի մակարդակով աջակցություն ուներ, տրամադրվածություն կար, որպեսզի այդ Նոնո կոչվածն անցներ: Նա իրականում չէր կարող քննության 70 միավորից ավել միավոր հավաքել, քանի որ ծիծաղելի քննություն անցկացվեց, տասներորդ դասարանի աշակերտի քննություն էլ չէր»,- նշեց Մերի Խաչատրյանը:
Հարցին, թե ինչպես կարելի է վիճարկել անցկացված մրցույթը, նա պատասխանեց, որ հնարավոր է դատական կարգով վիճարկել մրցույթը, այն չեղյալ համարել, այդ թվում՝ հնարավոր է նաև վարչական կարգով բողոքարկել, այսինքն՝ բողոքարկել բնապահպանության նախարարին, վարչապետին, կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ անցկացված մրցույթը հակաօրինական ճանաչելու կամ այդ թեկնածուին տրված պատասխանների հիմնավորվածությունը պարզելու նպատակով: «Քաղաքացիական նախաձեռնությունն իրենց իրավունքի շրջանակներում, սոցցանցերով հայտարարում է, որ դատապարտում է այդ մրցույթը և պահանջում՝ չեղյալ ճանաչել»,- եզրափակեց իր խոսքը քաղաքացիական ակտիվիստ Մերի Խաչատրյանը:
Այսօր բնապահպանության նախարարությունում անցկացված մրցույթին արձագանքեցին նաև միջազգային բնապահպանական հիմնադրամների հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչները: «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և «Կովկասի բնության հիմնադրամի» համակարգող Արման Վերմիշյանը հայտարարեցին, որ անժամկետ դադարեցնում են «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը, այն դեպքում, երբ «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն» իր ծրագրերի շրջանակներում «Խոսրովի արգելոց»–ին տրամադրել էր կես միլիոն դոլար, իսկ «Կովկասի բնության հիմնադրամը»` 22 մլն դրամ:
Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Նոնոն այդ պաշտոնին նշանակվել և մրցույթում հաղթել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ, քանի որ նրա մտերիմն է: Կարծիք կա, որ Հ. Աբրահամյանն իր ազդեցության տակ գտնվող մարդուն ցանկանում է նշանակել «Խոսրովի արգելոց»–ի տնօրեն, որպեսզի կարողանա իր օբյեկտն ավարտին հասցնել, աշխատեցնել ու այնտեղ անարգել մատուցել արգելված որսի մսից պատրաստված ուտեստներ:








































