Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվա էր մեկնել բուժում ստանալու, ոչ թե «Սպարտակ»-ի հետ պայմանագիր ստորագրելու նպատակով: Այդ մասին հայտարարել է «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, ըստ որի՝ մոսկովյան ակումբը պայմանագիր կստորագրի Յուրայի հետ և վերջինիս կվճարի 3.5 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ:
«Մի քանի ակումբներ հետաքրքրվում են Յուրայի ծառայություններով: Հետաքրքրվողների թվում է նաև «Սպարտակ»-ը: Բայց Յուրան չի հեռանա ակումբից: Այո, նա բուժզննում է անցել Մոսկվայում, քանի որ կրունկի վնասվածք ունի, որի պատճառով մի քանի խաղ բաց է թողել:
Գիտեմ, որ Յուրան հավակնոտ անձնավորություն է և ցանկանում է խաղալ թիմերում, որոնք պայքարում են Չեմպիոնների Լիգայի և Եվրալիգայի գավաթների խաղարկություններում հանդես գալու համար: Մենք չենք կարող պայքարել նման բարձր տեղերի համար: Բացի այդ, այլ ակումբներ կարող են նրան ավելի բարձր աշխատավարձ առաջարկել: Սակայն Յուրան «Կրասնոդար»-ի խաղացող է:
Նա մեր առաջատարն է և ակումբ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից օգնում է զարգանալ և ավելի մեծ հաջողությունների հասնել: Միաժամանակ պետք է նշեմ, որ «Կրասնոդար»-ը նույնպես շատ է օգնել Յուրային»,- հայտարարեց մարզիչը:








































