Սեքսապաթոլոգները խորհուրդ են տալիս սեռական հարաբերություն ունենալ 17 տարեկանից հետո: Պատճառն այն է, որ վաղ տարիքում սեռական հարաբերությունների պատճառով ձեռք բերված վարակները կարող են բացասական հետևանքների հանգեցնել՝ անգամ անպտղության պատճառ դառնալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ողբերգության կարող է հանգեցնել 16-ամյա աղջկա հղիությունը»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ սեռական դաստիարակության մասին խոսելու համար հեռուստատեսությամբ պետք է հատուկ ժամեր լինեն:
Մաշկաբանության ու սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանն էլ իր հերթին հավելեց` աբսուրդ է, օրինակ, կենսաբանության ժամին 15 տարեկան երեխային պահպանակ բաժանելը:
«15 տարեկանը ի՞նչ է անում պահպանակը,- զայրացած ասաց նա:- Պետք է քայլ առ քայլ գնալ դրան»,- նշեց նա՝ այդ հարցում կարևորելով ընտանիքի ու ոչ թե համացանցի ու բջջային հեռախոսների դերը, որոնցով դպրոցահասակ երեխաներն իրար սեռական բնույթի նկարներ, արտահայտություններ ու բառեր են ուղարկում:
«Դա դեգրադացիայի է բերում: Եթե սեռական դաստիարակությունը պետք է լինի համացանցով կամ բջջայինով, ո՞ւմ է դա պետք», – ասաց Ս. Հովհաննիսյանը:










































