Սեռավարակներ բառն արդեն հուշում է, որ դրանք 95% դեպքերում փոխանցվում են սեռական ճանապարհով ու դժվար է ասել, թե ներկայում որ սեռավարակներն են գերակշռող, քանի որ նոր հիվանդություններ են առաջացել՝ խլամիդիոզ, գարներելա, ուրեոպլազմա, որոշ սեռավարակներ էլ քիչ են հանդիպում, օրինակ՝ սիֆիլիսը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մաշկաբանության ու սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներաբան Սամվել Հովահաննիսյանը՝ անդրադառնալով վերջին տարիներին սեռավարակների վիճակագրական տվյալներին:
Նրա խոսքով՝ սխալ կլինի ասել, թե «սեռավարակները խեղդում են հասարակությանը», սակայն դրանց դեմ պայքարն արդյունավետ կլինի, եթե երիտասարդները տեղեկացված լինեն սեռական հարաբերությունների, դրանց հիգիենայի, ֆիզիոլոգիայի մասին:
Սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանն էլ իր հերթին նշեց, որ գոյություն ունեն սեքսի տասը պատվիրաններ, որոնց պետք է հետևել, այդ թվում՝ ո՞ւմ հետ եք սեքսով զբաղվում, որտե՞ղ եք զբաղվում, դիմացինը ալկոհոլ օգտագործե՞լ է, թե՞ ոչ և այլն: Նրա խոսքով՝ բոլոր հիվանդություններն էլ՝ անկախ բնույթից, ունենում են պիկեր՝ կապված սննդի, հեղափոխությունների, ապրելակերպի հետ: Սեռավարակներով վարակվելը նախ չիմացության արդյունք է՝ չգիտեն ինչպես պաշտպանվել:
«Ավելի շատ պետք է ուղեղը ձեզ պաշտպանի», – հավելեց Մ. Զաքարյանը՝ կատակելով, սակայն, որ կա նաև մեկ պարադոքս՝ որքան մարդն ավելի տեղեկացված է, այնքան ավելի շատ է նրա մոտ պատահական սեռական կապերով հիվանդանալու հավանականությունը:
«Անիվն անընդհատ պտտվում է, մի քիչ ավելացել են սեռավարակները, սակայն արդյունքը նույնն է»,- ասաց նա՝ խորհուրդ տալով, որ ցանկալի է ավելի շատ ոչ թե պայքարել դրա դեմ, այլ կանխարգելել:










































