Թուրքական Akşam թերթի հաղորդմամբ, թուրքական կործանիչները մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ` մարտի 15-ին և 20-ին, «Անտոնով» տիպի իրանական ռազմական-բեռնատար օդանավերին հարկադրել են վայրէջք կատարել Դիարբեքիրի օդանավակայանում։ Սրա նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ը:
Ամերիկյան հետախուզությունը կասկածել է, որ Թուրքիայի միջոցով դեպի Սիրիա ուղևորվող իրանական այդ բեռնատար օդանավերում առկա է «միջուկային զենք կամ բեռ»: Դրանից հետո ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայից պահանջել է խուզարկել կասկածելի ինքնաթիռները: Սակայն դրանցում «միջուկային» ոչինչ չի հայտնաբերվել:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ը 2010 թվականի հունիսի 9-ին պատժամիջոցներ սահմանեց Իրանի հանդեպ, մինչ օրս իրանական տասնյակ օդանավեր «միջուկային բեռ կրելու» կասկածանքով իջեցվել են Դիարբեքիրի օդանավակայանում, և սա արդեն սկսել է ձանձրացնել թուրքական կողմին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ Թուրքիան դեմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևին, ինչը, սակայն, բանաձևի ընդունմանը չխոչընդոտեց և միայն հարուցեց ԱՄՆ-ի խոր զայրույթը: