Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ներկայացնելով եռահատորյակը:
Բանախոսը տեղեկացրեց, որ եռահատորում ներկայացված են Հայոց Մեծ Եղեռնը վերապրածների վկայությունները, որոնցում, անժխտելի փաստերի հիման վրա, բացահայտված են թուրքական իշխանությունների կողմից 1915 թ. հայ բնակչության ոչնչացմանն ուղղված ծրագրերը և իրականացրած գործողությունները, կազմակերպիչների և իրականացնողների անունները, հայ բնակչության կրած կորուստները, ներկայացված են նրա մղած ինքնապաշտպանական կռիվները, փրկված բնակչության գաղթը Անդրկովկաս և ճանապարհին տված զոհերը:
Ըստ Ա. Վիրաբյանի՝ այն հանգամանքը, որ ականատեսների վկայությունները հավաքվել են ջարդերից և տեղահանությունից ընդամենը 1 տարի անց, պայմանավորում է դրանց հավաստիությունն ու վավերականությունը, հետևաբար նաև՝ դրանց արժեքը Հայոց Մեծ Եղեռնի համակողմանի ուսումնասիրման համար: Բանախոսը նշեց, որ հրատարակումն իրականացվել է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ՀՀ նախագահի ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում:
«Հրապարակվող փաստաթղթերը խմբավորվել են ըստ նահանգների, գավառների, գավառակների և գյուղախմբերի: Ընդ որում, առաջին հատորում ներկայացված է Վանի նահանգը, երկրորդում՝ Բիթլիսի նահանգը, երրորդում՝ Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգները և Պարսկահայքը: Հատորներից յուրաքանչյուրում կան տեղագրական քարտեզներ, որոնց հեղինակը Գեղամ Բադալյանն է, քարտեզագիրը՝ Մարտին Մարտիրոսյանը: Առաջիկայում եռհատորյակը կթարգմանվի թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, լեզուներով: Յուրաքանչյուր հատորը հազար օրինակով է հրատարակվել»,- նշեց Վիրաբյանը՝ շարունակելով, որ ժողովածուն հասցեագրված է պատմաբաններին, քաղաքագետներին, ցեղասպանագետներին, հայոց պատմությամբ հետաքրքրվողներին:
Բանախոսի փոխանցմամբ՝ առաջիկայում եռահատորը կունենա շարունակություն, աշխատանքներ են իրականացվում ժողովածուի չորրորդ հատորի կազմման ուղղությամբ, որտեղ կընդգրկվեն Կիլիկիայի հայերի վկայությունները, որից հետո լույս կտեսնի նաև հինգերորդ հատորը՝ Արևմտյան Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայաշատ տարածքներում հայ բնակչության տեղահանության և կոտորածի մասին վկայություններ: Եռահատորից ստացված հասույթը նախատեսվում է նպատակաուղղել թարգմանությունների իրականացմանը, որոնք կտեղադրվեն նաև համացանցում:
Նշենք, որ գլխավոր խմբագիրը, հեղինակը և կազմողն է պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Հեղինակը և կազմողն է պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային արխիվի բաժնի վարիչ Գոհար Ավագյանը: Ժողովածուն նախապատրաստվել է և հրատարակվել «Վան» հասարակական կազմակերպության մոտավորապես 10 մլն դրամ ֆինանսավորմամբ: Նշյալ կազմակերպության հիմնադիր անդամ, մոսկվայաբնակ գործարար Գագիկ Մելիքյանի, նրան միացած Խորեն Քոթանջյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ռուբեն Գալաչյանի անմիջական ջանքերի շնորհիվ է գիրքը հրատարակվել:








































