Բանգլադեշցի 21-ամյա Կվազի Մուհամմադ Ռեզվանուլ Ահսան Նաֆիսը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը պայթեցնելու փորձի մեջ: Անմեղության մասին հայտարությունը նա արել է Բրուկլինի դաշնային դատարանի նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ամբաստանյալը, որն ԱՄՆ-ում է գտնվում ուսանողական վիզայով, մեղադրվում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման փորձի և ահաբեկչական կազմակերպությանը նյութական օգնություն ցուցաբերելու մեջ:
Մեղադրանքների հաստատման դեպքում նրան սպասվում է ցմահ ազատազրկում: Գործով հաջորդ նիստը նշանակված է 2013-ի հունվարի 9-ին:
Ուսանողը ձերբակալվել է հոկտեմբերի 17-ին, Մանհեթենում՝ Դաշնային պահուստային բանկի շենքում հեռակառավարմամբ 450 կգ ռումբ պայթեցնելու փորձի ժամանակ: Մինչ այդ պահը FBI-ի գործակալները ուսանողին տևական ժամանակ հետևել էին և նրան կեղծ ռումբ վաճառել: Իրավապահ մարմիների տվյալներով՝ նա ԱՄՆ է եկել 2012-ի հունվարին:








































