«Ես պաշտոնապես ասում եմ, որ զրահաբաճկոն կրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հովիկ Աբրահամյանը զրահաբաճկոնով չի եղել»,- ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ո՞րն էր գյուղացիների հետ հանդիպմանը զրահաբաճկոնով ներկայանալու նպատակը, վարչապետը զգուշանո՞ւմ էր ինչ-որ բանից, ասաց Հովիկ Աբրահամյանի Տեղեկատվական քաղաքականության պատասխանատու Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք. այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր գնացել զրահաբաճկոնով:
Ըստ ՀԺ-ի՝ մարզի գյուղացիների հետ նրա զրույցների տեսագրություններում վարչապետի կոստյումի տակից զրահաբաճկոնն ակնհայտ երևում էր:
«Աբրահամյանը անվտանգության նման հավելյալ միջոցի օգնությանը, ամենայն հավանականությամբ, սկսել է դիմել վարչապետ դառնալուց հետո միայն: Համենայնդեպս, նախկինում, երբ նա զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, նրա հագին երբեք զրահաբաճկոն չի նկատվել: Իհարկե, Աբրահամյանին շարունակում են ուղեկցել անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, բայց, փաստորեն, վարչապետը զգուշանում է ինչ-որ բանից»,- գրում է թերթը: