Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը ավելի վաղ պարտվել էր երկրի խոշորագույն ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության առաջնորդի ընտրություններում, Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացրել իր ստեղծած նոր խմբակցության 68 անդամների ցուցակը և քաղաքական ծրագիրը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:
Ֆիյոնը հայտարարել է «UMP-ի միավորում» անվան ներքո սեփական խորհրդարանական խմբի ստեղծման մասին, որը կներկայացնի ձախերի և կենտրոնամետների միավորում: Նրա խոսքով՝ խմբի անդամները կմնան կուսակցությունում, սակայն նրանց ձայներն անկախ կլինեն: Կուսակցության առաջնորդի կրկնակի ընտրությունից հետո, ինչին էլ ուղղված է Ֆիյոնի կոչը, խորհրդարանական խումբը կվերադառնա UMP խմբակցություն:
Կուսակցությունն արդեն մեկ շաբաթ է՝ միասնական առաջնորդ չունի սկանդալային քվեարկությունից հետո, որի արդյունքում երկու թեկնածուներն էլ՝ Ֆիյոնն ու կուսակցության գործող գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Կոպեն, հայտարարեցին իրենց հաղթանակի մասին: Ընտրական հանձնաժողովը հաղթող ճանաչեց Կոպեին, սակայն դա Ֆիյոնին չգոհացրեց, և վերջինս բողոքարկեց: Հայցերի վերանայման հանձնաժողովը երկուշաբթի կրկին հայտարարեց Ֆիյոնի հաղթանակի մասին, սակայն Ֆիյոնը հրաժարվեց ճանաչել որոշումը: Նա կրկնակի ընտրություններ է պահանջում:









































