Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ հեռանալ Վրաստանից` քաղաքական հետապնդումներից խուսափելու համար: Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել «5-րդ ալիք»–ին տված հարցազրույցի ժամանակ:
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, թե վրացական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` Սաակաշվիլին իբր թե իրեն համեմատել է Յուլյա Տիմոշենկոյի հետ, Վրաստանի նախագահն ասել է, որ ինքը երբեք նման համեմատություն չի արել, քանի որ իրենք նման չեն: «Համենայնդեպս՝ մեր սանրվածքները»,- կատակել է նախագահը: Սաակաշվիլին ընդգծել է, որ, այնուամենայնիվ, երկու երկրներում տիրող իրավիճակները շատ նման են:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք չի ցանկանում հեռանալ Վրաստանից մինչև նախագահության ժամկետի ավարտը` իշխանության գլուխ եկած ընդդիմության հետապնդումներից խուսափելու համար, Սաակաշվիլին ասել է, որ չի պատրաստվում դիմել այդ քայլին:
Նախագահը նշել է, որ իր նախագահության ժամկետն ավարտվում է մեկ տարուց, իսկ դա երկար ժամանակահատված է, քանի որ Վրաստանում բնակչության տրամադրությունը շատ արագ է փոխվում, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ավելի երկար ժամանակ է պետք:
Դրա հետ մեկտեղ Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հետապնդումների չի ենթարկվի, ինչպես Տիմոշենկոն, քանի որ բոլորը գիտեն` «նա անգամ մեկ դոլար չի գողացել»:









































