Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի արվեստի թանգարանի վերականգնողները հանրությանը ներկայացրել են իրենց կողմից հայտնաբերված 16-րդ դարի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի վրձնին պատկանող «Քրիստոսին սգալիս» կտավը, հաղորդում է Ria Novosti-ն:
Կտավը գտնվել է թանգարանում և համարվել է անհայտ նկարչի ձեռքի գործ: Սակայն վերականգնողական աշխատանքների ընթացքում ենթադրվում է, որ կտավը պատկանում է հռչակավոր վարպետի վրձնին:
Շնորհանդեսի ժամանակ թանգարանի վերականգնող Դիլշոդ Ազիզովը հաղորդել է, որ կտավը Տաշքենդ է բերել Նիկոլայ Կոստանտինովիչ իշխանը: Նրա խոսքերով` իշխանի օրագրում հիշատակվում է այս նկարի մասին: Ազիզովը, որին հանձնարարվել էր կտավի վերականգնողական աշխատանքները, անցկացրած ուսումնասիրություններից հետո հայտարարում է, որ այն պատկանում է Վերոնեզեի վրձնին:








































