Բելգիայի անվտանգության պետական ծառայության որոշ աշխատակիցներ LinkedIn և Facebook սոցցանցերում իրենց մասին տվյալներ են հրապարակել, ներառյալ` աշխատավայրը:
Ինչպես գրում է De Standaard-ը, հատուկ ծառայությունների աշխատակիցների պրոֆիլները բացահայտելը դժվար չէ, և դա արդեն հարուցել է նրանց ղեկավարության և կառավարության դժգոհությունը:
Օրինակ` պարզվել է, որ բելգիացի հետախույզներին LinkedIn-ում գտնելու համար ընդամենը պետք է ֆրանսերենով կամ նիդեռլանդերենով նշել նրանց կազմակերպության անունը: Google որոնման համակարգի միջոցով յուրաքանչյուր ցանկացող կարող է կարդալ նրանց լրիվ ազգանունները:
Բելգիայի սենատի Քրիստոնեադեմոկրատական և ֆլամանդական կուսակցության անդամ Դիրք Քլասսը հայտարարել է, որ այդպիսի բացահայտումն անընդունելի է պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց համար, և խոստացել է քննարկել իրավիճակը Հետախուզական և անվտանգության ծառայությունների վերահսկիչ հանձնաժողովի իր գործընկերների հետ:
The Washington Post կայքի WorldViews բլոգում այս հարցը քննարկողների խոսքերով` այլ երկրների հատուկ ծառայություններում պատկերը նույնն է: Օրինակ` LinkedIn-ի ավելի քան 200 օգտատերեր որպես իրենց աշխատավայր նշում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, իսկ Facebook-ում ներկայացված են Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները:










































