«2013 թ. բյուջեում աճ գոյություն չունի, իրականում ընդամենը պետք է 27 մլրդ դրամ ավելի հարկեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա տեղեկացրեց, որ հարկային մուտքերը կապահովվեն ՀՆԱ աճի՝ 6.2%, և գնաճի՝ 4±1.5%, հաշվին. «Մտածելու բան չունեն»:
«Ոչ ոք լուրջ անալիզ չի արել. վստահ եմ՝ իրենց մեջ վեճ է գնում: Ոչ մի նախագահի ձեռք չի տալիս սա: Նման բյուջեն ցինիզմ է»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ ընդհանուր 440 հա վարելահողերից եթե նախկինում մշակվում էր 310 հա-ն, ապա հիմա միայն 40%-ն է մշակվում, ընդ որում՝ չմշակվող վարելահողերի շատ քիչ մասն է սահմանամերձ:
Դիտարկմանը, թե ԱԺ որոշ պատգամավորներ միլիոններ են ցույց տալիս հայտարարագրերում՝ որպես գյուղատնտեսությունից ստացված արդյունք, Հ. Բագրատյանը պատասխանեց, որ դա կարող է ստացվել մեծ՝ 1500 և ավելի հա հողակտորների մշակությունից:
Անդրադառնալով հանքարդյունաբերության հարկմանը՝ Բագրատյանը հայտարարեց, որ այս ոլորտի իրական շրջանառությունը 2 մլրդ դոլար է, և եթե Հայաստանը Լիբիա լիներ, 1.5 մլրդ դոլար ավելի հարկ կմտներ պետբյուջե: Ըստ նրա՝ հանքարդյունաբերության հարկման ռեժիմ գոյություն չունի. «Սա չանելով` խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չի կարելի: Նույնիսկ 90-ականներին եղել է հանքանյութի վաճառք»:










































