Ռուսական Interfax գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խոստացել է Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների «մութ» էջերը լուսավորել մինչև այս տարեվերջ, երբ դրանք կավարտվեն: Նա պնդել է, թե երկու երկրները համաձայնության են եկել գազի գնի ձևավորման հիմնական սկզբունքների շուրջ: Ամեն դեպքում մեկ բան պարզ է՝ գազի գինը կփոխվի ըստ համաշխարհային շուկայի միջավայրի, այսինքն՝ կթանկանա: Վարչապետը խոսել է նաև գնի սահմանման համար մեթոդիկայի մշակման անհրաժեշտության մասին:
Այս թեմայով «Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց Ռուսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի հետ:
– Պարոն Սիմոնով, ի՞նչ եք կարծում, Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ ընթացող բանակցություններում որքանո՞վ տեղ ունեն քաղաքական և տնտեսական բաղադրիչները:
– Իրականում գաղտնիք չէ, որ hետխորհրդային երկրների տարածքում Հայաստանն ունի ամենացածր գազի գինը, և այդ գինն անգամ մի փոքր ավելի ցածր է, քան Բելառուսի համար: Այս առումով, ռուսական կողմը հաշվի է առնում նաև ՀՀ տնտեսական դժվարությունները: Ես կարծում եմ, որ այս գնի մեջ կա և քաղաքական բաղադրիչ, և այս առումով մեր նորմալ գործընկերային-քաղաքական հարաբերությունները ևս բերում են նրան, որ գազի գնի մեջ կա քաղաքական գործոն: Կա մի կարևոր պահ ևս` կապված նրա հետ, որ Հայաստանն առաջինն է վերահսկողության համար «Գազպրոմին» հանձնել իր գազային համակարգը, իսկ «Գազպրոմը», ինչպես հայտնի է, շատ է սիրում որպես սեփականություն ստանալ նման տեսակի ակտիվներ և խթանում է հանձնող կողմին գազի ցածր գներով: Բելառուսը նույն մոդելով է գնացել. «Բելտրանսգազը» «Գազպրոմի» կառավարմանը հանձնելուց հետո միայն Բելառուսը ստացավ 1000 խորանարդ մետրի համար 200 դոլարից պակաս գին: Հիշեցնեմ, որ Հայաստանի համար գազի գինը 180 դոլար է 1000 խմ համար, դա շատ ցածր գին է, օրինակ՝ Ուկրաինան վճարում է 430 դոլար, բայց Ուկրաինան չի փոխանցում իր գազաբաշխիչ համակարգը «Գազպրոմին»: Այս առումով ես Հայաստանին վաճառվող գազի ցածր գնի համար տեսնում եմ 2.5 գործոն՝ ենթակառուցվածքների հանձնումը «Գազպրոմին», մեր քաղաքական հարաբերությունները, և կեսը դա այն է, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի տնտեսության հետ, ու «Գազպրոմը» հաշվի է առնում գնորդների շահերը… թեև ոչ բոլոր դեպքերում է դա որպես գործոն դիտվում, որովհետև Մոլդովան ևս ունի մեծ խնդիրներ տնտեսության հետ, իսկ «Գազպրոմն» այս դեպքում փոխզիջման չի գնում: Դրա համար կարելի է կես գործոնը հանել և թողնել հիմնական 2 գործոնները՝ ենթակառուցվածքը և քաղաքական համաձայնությունը:
Պարզ է, որ գազի 180 դոլար գինը բավականին ցածր է: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ուզում էր այն բարձրացնել, բայց կարծում եմ, որ այդտեղ արդեն հարցը մեր համաձայնությունների մեջ է: Ենթակառուցվածքներն արդեն ստացվել են, և այս առումով «Գազպրոմն» այլևս պարտավորություն չունի գինը պահել 180 դոլար երկար ժամանակահատվածի ընթացքում, բայց քաղաքական գործոնը բավականին կարևոր է: Ես չգիտեմ, թե ինչ բանաձև կունենա գազի գինը, բայց կարծում եմ, որ Հայաստանը շահագրգռված է ստանալ առավել երկարաժամկետ հեռանկար, քանի որ Բելառուսի հետ մեր պայմանագիրն այնքանով է լավ, որ այն սահմանում է մեր հարաբերությունները մի քանի տարի առաջ, և պարզ է, թե գազի գինը որտեղից է առաջանում: Ընդ որում` այդ գինը պայմանավորված չի եվրոպական շուկայում գազի գնի հետ, այլ կապված է ռուսական շուկայում գազի գնի հետ: Ինձ համար դժվար է դատել, թե ինչ բանաձև կկիրառվի ՀՀ համար, սակայն չեմ բացառում, որ Հայաստանի համար գազի գինը կապված կլինի ռուսական շուկայի հետ: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2015 թվականից մենք նույնպես անցնելու ենք մատակարարումների գնային հավասարության քաղաքականության, այսինքն` ներքին շուկայում գինը կապված կլինի արտահանման գնի հետ: Դեռ պատրաստ չեմ կանխատեսել, թե ինչ գնային մակարդակ կլինի: Չի բացառվում, որ գնի որոշակի աճ կլինի, բայց կարծում եմ՝ հաջորդ տարի գինը կլինի մոտ 200 դոլար/1000 խմ մակարդակի վրա, որը շատ հարմար գին է: Առավել ևս, եթե համեմատում ենք Ուկրաինայի հետ, որը փաստորեն 2.5 անգամ ավելի գին է վճարում:
– Արդեն շատ երկար ժամանակ է՝ պաշտոնյաները հայտարարում են, որ բանակցություններ են ընթանում, և մամուլում լուրեր էին տարածվել, որ գազի իրական գինը վաղուց բարձրացվել է և բոլորովին 180 դոլար չէ, այլ 200 կամ 220 դոլար է…
– Չգիտեմ, տեղյակ չեմ ձեր մամուլն ինչ է գրում: Ամեն դեպքում, ուշադիր կարդալով «Գազպրոմի» հաշվետվությունները, ես տեսնում եմ, որ գինը 180 դոլար է, և հասկանալի չէ, թե այդ փողերը որտեղ են ֆիքսվում: Ես հետաքրքրությամբ կկարդայի, թե դա ինչպես է ստացվում, որ «Գազպրոմը» գրում է 180 դոլար, բայց իրականում ավելի բարձր է: Այդ դեպքում ո՞ւր են այդ փողերը թաքցնում: Չգիտեմ, ես չունեմ այդ հարցի պատասխանը:
– Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ գազի գնի հարցը կրկին օրակարգում է ՀՀ նախագահական ընտրություններից առաջ: Հաջորդ տարի Հայաստանում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Այստեղ ինչ-որ գործոն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Ես կարծում եմ, որ այս հարցը կապված չի գազի հետ: Մեզ մոտ գազի թեման ընդհանրապես կարևոր է: Օրինակ՝ Ուկրաինայում ոչ մի ընտրություն չի լինելու հաջորդ տարի, բայց գազի գնի մասին շատ ակտիվ են խոսում: Մոլդովայում նույնպես չեմ հիշում, որ ընտրություններ են լինելու, բայց այստեղ ևս գազի հարցը շատ ակտիվորեն քննարկվում է: Այս թեման կարևոր է մեր հարաբերություններում, դրա համար մենք գազի մասին խոսելու ենք միշտ՝ ընտրություններ կլինեն, թե չեն լինի, դա այն թեման է, որից մենք չենք կարող շեղվել:
– Ամեն դեպքում, Ձեր կարծիքով, բանակցություններն ինչո՞ւ են այսքան երկար ընթանում, բայց արդյունք չկա:
– Պարզ է, թե ինչու է այսքան ձգձգվում՝ մի կողմն ուզում է գինը բարձր սահմանել, մյուս կողմն ուզում է ցածր սահմանել: Այդ պատճառով նման բանակցությունները երկար են տևում:










































