Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մերֆին մասնակցել էPublic Dialogues-ի կազմակերպած ինտերնետային կոնֆերանսին, որին մասնակցել են նաև հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողներ: Իր ելույթում Մերֆին անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի չկարգավորված հակամարտություններին և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունները սպառնալիք են ներկայացնում մասնավորապես տարածաշրջանի և ընդհանրապես ԵԱՀԿ-ի ողջ տիրույթի անվտանգության ու կայունության համար: Մեր անվտանգությունն անբաժանելի է, և քանի դեռ հակամարտությունները մնում են չլուծված, դրանք շարունակում են սպառնալ մեր անվտանգությանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է արդեն 20 տարի: Չնայած դրան՝ Մինսկի խմբի համանախագահները նպաստելու են յուրաքանչյուր առաջարկի դիտարկմանը, որոնք կողմերը պատրաստ կլինեն քննարկել: Առկա են խնդրի լուծմանը բանակցությունների միջոցով հասնելու տարրերը, չի բավականացնում միայն կողմերի քաղաքական կամքը՝ ընդունելու համար համարձակ որոշումներ՝ հանուն իրենց ժողովուրդների:
Բանակցությունների հետ մեկտեղ պետք է քայլեր ձեռնարկվեն այդքան անհրաժեշտ վստահության վերականգնման համար, որը խաթարվել է հակամարտության ողջ տարիներին: ԶԼՄ-ները, պատգամավորները և քաղաքացիական հասարակությունը կարող են բավական կարևոր դեր խաղալ այդ հարցում:
Պետք է նաև գործարկել շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմը, ինչը համաձայնեցված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Դրա բացակայությունը մեծ բացթողում է հակամարտության կարգավորման գործընթացում:
Խաղաղության հասնելու համար պահանջվում է բոլոր ներգրավված կողմերի ջանքերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միակ հիմքն է՝ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանն աջակցելու համար: Կա որոշակի հիասթափություն՝ կապված այդ կառույցի 20-ամյա գործունեության հետ: Սակայն խաղաղությունը չի կարող հաստատվել մեկ ժամում, դրա համար ժամանակ է անհրաժեշտ:
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը պետք է բխի հակամարտող կողմերից և ոչ թե միջազգային միջնորդներից: Հուսով եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներըդեկտեմբերի սկզբին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ կդրսևորեն կառուցողական ու ապագային կողմնորոշված մոտեցում»:









































