«Սա նոր բան չէ և պետք է մի օր սկսվեր: Մի ժամանակ բողոք եղավ, երբ պարտքը 2-3 ամսվա էր, հետո՝ երբ 6 ամսվա էր: Այսօր, արդեն, 11 ամիս է»,– Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների՝ նախագահի նստավայրի առաջ անցկացրած բողոքի ակցիային՝ ասել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Հարցը, ըստ նրա, շատ ցավալի է և հնչել է իրենց համաժողովում: Ըստ պայմանագրի, պարապուրդի վիճակում «Նաիրիտ»-ի աշխատողների աշխատավարձի 2/3-ը պետք է վճարեն: Այսօր 1000 հոգի էին բողոքում, և Թումասյանը չի բացառում, որ նրանց կարող են միանալ այլ ընկերությունների աշխատակիցներ ևս, իսկ եթե նրանց չբավարարի պատասխանը, կոնֆեդերացիան ևս կմիանա նաիրիտցիներին:
«Նաիրիտ»-ում միջին աշխատվարձն, ըստ նրա, աշխատանքային պրոցեսում 150 հազար դրամին էր մոտենում, այժմ 60-70 հազարի շրջանակներում է:
Թումասյանն անդրադարձել է նաև «Միկա ցեմենտ» ընկերությունում կատարվող մերժելի երևույթներին: Այստեղ մի քանի աշխատողների, ովքեր բողոքել էին աշխատավարձից, հեռացրել էին աշխատանքից: Էդուարդ Թումասյանը դա համարում է Աշխատանքային օրենսգրքի ոտնահարում և կոչ է անում դիմել Աշխատանքի տեսչությանը:
Էդուարդ Թումասյանն անդրադարձել է նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խնդիրներին՝ նշելով, որ անդամավճարով գոյատևելն անհնար է, և իրենք օտարել են սեփականության մի մասը, որը չէր օգտագործվում, որպեսզի կարողանան պահպանել մասնագետներին, նրանք էլ՝ անվճար հիմունքներով պաշտպանեն քաղաքացիների շահերը:










































