Ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտում ընդունված է ապահովագրական համակարգ: Հայաստանում դրա ներդրման գործընթացը ոչ թե կաղում է, այլ ընդհանրապես գոյություն չունի: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց գյուղնախարարության վարչության նախկին պետ Գագիկ Մանուչարյանը, եթե մի քանի տարի առաջ մեզ որևէ մեկն ասեր, որ այսօր մեքենաներն ամբողջությամբ ապահովագրված են լինելու, չէինք հավատա, բայց այսօր փաստ է, որ դա ունենք: Ըստ նրա՝ եթե կարելի է մեքենաների ապահովագրությունն իրականացնել, ինչո՞ւ գյուղատնտեսությանը՝ ոչ:
«Այդտեղ խնդիր կա՝ գյուղատնտեսությունը ռիսկային է: Եթե բիզնեսմեն եմ, ունեմ հնարավորություններ ապահովագրական գործակալություն հիմնելու, առաջին հերթին պետք է մտածեմ իմ եկամուտների մասին: Ապահովագրական համակարգում գործողները շատ լավ հաշվարկում են իրենց ծախսն ու եկամուտները՝ մեքենաների դեպքում հավաքած գումարի 10%-ը վերադարձնում են, մի քիչ էլ իրենց ծախսերն են, մնացածը լավ եկամուտ են ապահովում: Իսկ գյուղատնտեսության մեջ եթե պարտադիր չլինի ապահովագրությունը, լինի ընտրովի, կապահովագրվեն այն տարածքների շահառուները, որտեղ օրինակ՝ կարկտահարությունը շատ է: Իսկ մյուսները չեն գա: Ռիսկը շատ է»,- ասաց Գ. Մանուչարյանը:
Նրա կարծիքով՝ եթե ապահովագրությունը պարտադիր համակարգ դառնա, այս դեպքում, ինչպես մեքենաների համար, կգործի, որովհետև ներդրողի եկամուտները կապահովվեն:
Գ. Մանուչարյանի գնահատմամբ՝ պարտադիր պետք է նորմալ գործի հակակարկտային ծառայությունը, որի դեպքում ռիսկայնությունը կրկին կփոքրանա, և եթե այդ երկու պրոցեսները զուգակցվեն, ապահովագրությունը կզարգանա մեր երկրում, հակառակ դեպքում գրավիչ չէ:






































