Ակտիվ մտավոր գործունեությունը նպաստում է, որպեսզի ուղեղի սպիտակ նյութը խիտ ու առողջ մնա: Այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները։
Չիկագոյի Ռաշ համալսարանի գիտաշխատողներին հաջողվել է ի հայտ բերել մարդկային ուղեղի սպիտակ նյութի ու տարեց հասակում մտավոր ակտիվության միջև առկա կապը:
Հետազոտություններին մասնակցել է 152 մարդ, որոնց միջին տարիքը եղել է 81 տարեկան: Մասնակիցներից ոչ ոք հիշողության կամ ուշադրության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Հետազոտվողները պետք է 1-5 միավորով գնահատեին, թե ինչքանով է իրենց գործունեությունը վերջին տարվա ընթացքում կապված եղել մտավոր ակտիվության հետ: Այնուհետև, մեկ տարվա ընթացքում մասնակիցների ուղեղները պարբերաբար սքանավորել են տոմոգրաֆիայի միջոցով: Գիտնականների նպատակն էր պարզել, թե որ ուղղությամբ ու ինչ ինտենսիվությամբ են շարժվում ջրի ներբջջային մոլեկուլները, ինչպես նաև պատկերել գլխուղեղի սպիտակ նյութի թափանցելիությունը:
Ստացված արդյունքները վերլուծելով՝ հետազոտողները եզրակացրել են, որ ուղեղի սպիտակ նյութի թափանցելիությունն անհամեմատ ավելի բարձր է մտավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց մոտ:
«Գիրք ու թերթ կարդալը, գրադարան այցելելը, թատրոն հաճախելն ու պոկեր կամ շախմատ խաղալը հենց այն զբաղմունքներն են, որոնք դանդաղեցնում են ուղեղի ծերացումը»,- նշում է հետազոտությունների ղեկավար, Չիկագոյի Տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից Կոնստանտինոս Արֆանակիսը:
Նախկինում անցկացված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ հիշողության նվազագույն կորուստ տեղի է ունենում միջինը 57 տարեկանում, սակայն հիշողությունը սկսում է վատթարանալ 30 տարեկանից սկսած:









































