Վանաձորի Քիմիագործների տնակային ավանի շուրջ 20 տարվա բնակիչ Մարտին Օհանյանը հաստատում է, որ իրենց (ավանի բնակիչների.- 1in.am) զբաղեցրած տնակների տարածքն առանց իրենց իմացության է վաճառվել: «Էդ մասին չենք իմացել. հողակտորը իրար մեջ բաժանել են: Երբ որ արդեն մարդկանց դատարաններ էին քարշ տալիս ու սկսել էին վճիռներ տալ, էդ ժամանակ իմացանք, որ վաճառվել է քաղաքի փողատերերին: Կոնկրետ իմ տարածքը Ցեմենտի Ռուբոյին է վաճառվել»,- «Առաջին լրատվական»-ին ասաց բնակիչը:
Գնորդի հետ վերջերս է ծանոթացել, երբ նա ցանկացել է պարիսպ կառուցել այդ տարածքում, իսկ ինքն արգելել է: «Ասացի` էս հողը գնելիս չե՞ս տեսել, որ տնակ կա, ասաց` տեսել եմ: Ես էլ ասացի` բա չե՞ս հարցրել` էս ի՞նչ տնակ է, նա էլ ասաց` հարցրել եմ, իրենք ասել են` մենք հարցը կլուծենք: Հարցրի` լուծե՞լ են, թե՞ չէ. դե, երբ կլուծեն, էն ժամանակ սարքի»,- պատմեց Մարտին Օհանյանը:
Դրանից հետո գնորդն այլևս չի անհանգստացրել նրան (ի դեպ, գնորդների սեփականության իրավունքի վկայագրերում էլ արտացոլված չեն վաճառված հողաբաժիններում տեղակայված տնակները կամ այլ շինություններ.- 1in.am):
Մինչդեռ նույն տնակային ավանի բնակչուհի Ռուզաննա Մկրտչյանը 6 տարի դատական քաշքշուկների մեջ էր. նրա հողաբաժնի գնորդը համառորեն պահանջել էր ազատել իրեն պատկանող տարածքը: «Եթե ապրում եմ, ո՞նց են ինձ ծախում, սա ազա՞տ հող է: Եթե ծախու էր, ես կգնեի դոլարուկեսով: Կամ էլ` չէ, 15 տարի ապրել եմ, բնակվարձ եմ մուծել, հատկացրու ինձ: Եթե հրաժարվեի, կվաճառեիր: Առաջին անգամ դատարանից հայց եմ ստացել քաղաքապետի կողմից: Նույնիսկ էդ դատի ժամանակ պարզ չէր, որ հողակտորը վաճառված ա: Հետո զանգահարեց քաղաքապետի աշխատակիցը, ասաց` որ հողակտոր տանք, դու էս շինություն-բան կհանե՞ս, էլ բան չե՞ս ուզի, ասացի` հա, էնքան որ ձեզնից պրծնեմ. 2010-ին էր: Մինչև օրս էլ խոստանում են, բայց ինչի տեղ չեմ հասնում ու նորից դատարան եմ գնում` չգիտեմ»,- Ռուզաննա Մկրտչյանը այս մասին պատմում էր դեռ մինչև այս տարվա քաղաքապետի ընտրությունները, ու բողոքում, որ քաղաքապետն էլ, գնորդն էլ խաբեցին իրեն:
Նախընտրական շրջանում քաղաքապետարանում հանդիպելով բնակչուհուն` հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գնորդի հետ նրա դատական վեճը, ասաց, որ խոստացել են հաշտության գալ և հայցը ետ վերցնել: Ընտրությունից հետո նախընտրական խոստումը, փաստորեն, կատարվել է. ինչպես տեղեկացանք datalex.am կայքից, հոկտեմբերի 30-ին գործի վարույթը կարճվել է կողմերի միջև հաշտության համաձայնության հիման վրա. 500 ԱՄՆ դոլարի դիմաց Ռուզաննա Մկրտչյանը պարտավորվել է ազատել Արայիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը: (Ի դեպ, վերջինիս` գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու և հողամասը ոչ հիմնական շինությունից ազատելու պահանջով 2007-ին վարույթ ընդունված հայցադիմումը քննվում էր դատավոր Վարդուհի Հովնանյանի կողմից, ով, 2002-2003թթ. լինելով Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանը և լիազորված լինելով քաղաքապետի կողմից` ինքն է վաճառել տնակային ավանի հողերը: Որպես վաճառող կողմ` պարտավորված լինելով հողերը հանձնել գնորդներին, հետագայում արդեն որպես դատավոր ինքն էլ վարում էր տնակային ավանի բնակիչների մեծ մասի դեմ դատերը և չէր ընդունում նշված հիմքով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները.- 1in.am):
Քաղաքապետը տարիներով թաքցրել է տնակային ավանը վաճառած լինելու փաստը
2006 թվականից տարբեր քաղաքացիներ սկսել էին անհանգստացնել Քիմիագործների տնակային ավանի բնակիչներին` հայտնելով, որ նրանց զբաղեցրած հողամասերն իրենք ձեռք են բերել աճուրդով, և պահանջում էին ազատել տարածքը: Անհանգստացած բնակիչները դիմել էին տարբեր կազմակերպությունների ու գերատեսչությունների, այդ թվում` Քաղաքաշինության նախարարությանը` պարզելու, թե արդյոք ճի՞շտ են այդ տեղեկությունները:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, սակայն, հերքել էր տարածքը վաճառված լինելու փաստը` նույն պատասխանը տալով նաև նախարարությանը, որ մտահոգություններն անհիմն են, և այդ հողերը ենթակա չեն աճուրդի: Նա ասել էր, թե «խոսքը քաղաքի կենտրոնի կառուցապատմանն է վերաբերում, ուստի` չեն կարող այդ տարածքը թողնել անհատական ու կամայական կառուցապատման, ինչը կարող է խաթարել քաղաքի կենտրոնի տեսքը»: Նշել էր նաև, թե տվյալ տարածքում հանրային-համայնքային նշանակության շենք է կառուցվելու` լողավազան: Մյուս կողմից էլ, սակայն, որոշ բնակիչների` որպես բնակարանային խնդրի լուծում իրենց զբաղեցրած հողամասն իրենց վաճառելու խնդրանքը մերժելով` ասել էր, թե հողամասերի վաճառքը աճուրդով է կատարվում, կամ բնակչների դեմ հայցադիմումներում նշել, թե «պատասխանողներն արգելք են հանդիսանում տնակի տեղափոխման համար, արդյունքում համայնքը չի կարողանում այդ հողամասն օգտագործել նպատակային նշանակությամբ, այսինքն` բնակելի տների կառուցապատման նպատակով այն վաճառել աճուրդով»:
Սա նշանակում է, որ իրեն հակասելով` քաղաքապետն ակնարկել էր աճուրդային վաճառքի մասին`շարունակելով, սակայն, թաքցնել, որ հողերը վաճառված են վաղուց: Միաժամանակ տնակային ավանն ազատել էր շինություններից` հարմար ձևով օգտագործելով մինչև հողամասի վաճառքն ընդունված` «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի հիման կայացված որոշումը` ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած տնակների բնակիչներին իրենց համաձայնությամբ տեղափոխելու մասին: Դատական գործընթացներ էր սկսել բնակիչների դեմ` իբր կամովին որոշմանը չենթարկվելու ու տարածքը չազատելու համար: Ուշագրավ է, որ քաղաքապետի` 2006-ի մայիսի 15-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կազմում քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը ստանձնել էր մարդկանց վտարելու պարտականությունն այն տարածքից, որտեղ ինքը փաստացի գաղտնի սեփականատեր էր:
Իրականում քաղաքապետ Դարբինյանը Քիմիագործների տնակային ավանի հողամասը վաճառել էր 2003-ի դեկտեմբերին:
Ու՞մ է քաղաքապետը վաճառել տնակային ավանը
Հողամասը բաժանելով 10 հավասար մասի` թիվ 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48 համարակալված հողաբաժիններով` յուրաքանչյուրը 600 քմ, քաղաքապետն այն վաճառել է բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով` հակառակ իր այն հավաստիացումների, թե նշված տարածքը չի կարող «թողնվել անհատական կառուցապատման»: Աճուրդը, որի կազմակերպիչն անձամբ Դարբինյանն է եղել, անցկացվել է հետևյալ ձևով. յուրաքանչյուր հողաբաժնի համար վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է 900, աճուրդային քայլի չափը`45 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Բոլոր հողաբաժինների աճուրդներն անցկացվել են 2 մասնակիցներով:
Թիվ 39, 40, 41, 42 հողաբաժինների մրցույթն անցկացվել է Գրիգորյան Սանասարի և Ներսեսյան Ներսեսի միջև: 945 դոլարով Գրիգորյան Սանասարը ձեռք է բերել թիվ 39, 41, 42 հողաբաժինները, և միայն թիվ 40-նն է` դարձյալ 945 դոլարով, բաժին հասել Ներսեսյան Ներսեսին:
Թիվ 45 և 46 հողաբաժինները ձեռք է բերել Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը` աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն վաճառքի գնով` 945 դոլարով: Երկու աճուրդին էլ նրա հետ մասնակցել է Սաքոյան Հայկը:
Թիվ 43 և 44 հողաբաժինները ձեռք է բերել Հովհաննիսյան Ռուբենը` առաջարկված առավելագույն գնով` 900 դոլարով: Երկու աճուրդին նրա հետ մասնակցող Պողոսյան Ռուդոլֆը, փաստորեն, աճուրդային ոչ մի քայլ չի արել:
Թիվ 47 և 48 հողաբաժինները վաճառվել են Արայիկ Վարդանյանին` դարձյալ 900 դոլարով: Աճուրդի մասնակից Հայկազ Պետրոսյանը նույնպես քայլ չի արել իր տնօրենի դեմ: Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում անձամբ փոխանցեց Արայիկ Վարդանյանը, Հայկազ Պետրոսյանն իր հիմնարկի`«Լոռի» ՃՇՇ-ի գլխավոր հաշվապահն է: Արայիկ Վարդանյանը 99 թվականից է տնօրինում հիմնարկը, մինչ այդ` մինչև իր քաղաքապետ ընտրվելը, Դարբինյանն էր ղեկավարում այն: Քաղաքապետի հետ նրանք վաղեմի ընկերներ ու համակուրսեցիներ են: Դարբինյանների հետ Արայիկ Վարդանյանը տնօրինում է ասֆալտի բիզնեսը Վանաձորում: Նրա եղբոր` Արթուր Վարդանյանի անունով է գրանցված նախկին «Ֆոտոէտյուդի» տարածքում կառուցվող էլիտար շենքը, չնայած, ըստ շրջանառվող խոսակցությունների, այն իրականում Դարբինյանինն է: Այդ շենքի շինարարության համար Դարբինյանը նույնիսկ ֆինանսական հատկացում էր անում համայնքային բյուջեից:
Ինչ վերաբերում է հողամասի վաճառքի գնին, ապա այն ապօրինի է որոշվել: Վանաձոր համայնքի ավագանին 2001-ին որոշում է կայացրել համաձայնություն տալ համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի մեկնարկային գները սահմանելու վերաբերյալ` համաձայն հավելվածի: Ըստ այդմ` բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով 1 քմ-ի համար մեկնարկային գին է սահմանվել` քաղաքի կենտրոնում 1,5 դոլար, մնացած տարածքներում` 1 դոլար: Ավագանու որոշում կոչվող փաստաթղթի տակ ստորագրել են քաղաքապետ Ս. Դարբինյանը, քարտուղար Լ. Կարապետյանը, ՃՔ բաժնի պետ Ա. Ղուկասյանը, իրավաբանական բաժնի պետ Ա. Ոսկանյանը (վերջինս քաղաքապետի նախկին իրավաբան, ներկայումս Վանաձորի դատարանի դատավոր, տնակային ավանի հողերը վաճառած Վարդուհի Հովնանյանի ամուսինն է):
Նշված թվականին հողի շուկայական գնի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար միայն մի տվյալ բերենք. նույն Քիմիագործների թաղամասում 700 քմ հողը պտղատու ծառերով, քարե տնակով, 2 գոմով, վաճառվում էր 100 դոլարով («Վանաձորյան խճանկար», 27 մարտ, 2003):
Հ. Գ. Տնակային ավանը վաճառած լինելու ժամանակ այն պետական սեփականություն է եղել, քանի որ համայնքին է փոխանցվել միայն ՀՀ կառավարության 13.04.2006թ. թիվ 718-Ն որոշմամբ:
Ադրինե Թորոսյան, Վանաձոր






































