Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Interfax գործակալությանը, որում, ի թիվս այլ հարցերի, խոսել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին:
Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները հարված են հասցնում նաև Հայաստանի տնտեսությանը, քանի որ այսօր վերջինս երկու ելք ունի դեպի համաշխարհային շուկա՝ Վրաստանի և Իրանի միջով: Միջազգային պատժամիջոցները գրեթե զրոյացնում են Իրանի հետ աշխատելու հնարավորությունը, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումներ իրականացնելը:
«Դա Հայաստանի համար լուրջ խնդիրներ է ստեղծում: Այդ պատճառով Իրանի միջով և Իրանի հետ ապրանքաշրջանառությունը մեծ չէ»,- ընդգծել է վարչապետը:
Սարգսյանը նշել է, որ խնդիրներ են առաջանում նաև Մերձավոր Արևելքի ուղղությամբ արտահանում իրականացնելու ժամանակ, ինչը կրճատում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունները, բարդ մրցակցային պայմանների մեջ է դնում փոխադրամիջոցների ծախսերի թանկացման հաշվին: Վարչապետի խոսքերով՝ Իրանի կողմից հարկադրաբար սահմանվող սահմանափակումները, այդ թվում և արժութային գործողություններում, խոչընդոտում են երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև կապերը:
Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն այս հարցերը բարձրացրել է Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ բանակցությունների ժամանակ: «Նրանք բոլորը հասկանում են, որ դա լրջորեն վնասում է մեր տնտեսությանը, ընդ որում` ոչ միայն մեր: Շատ եվրոպական երկրներ որոշակի խնդիրներ են զգում միջազգային պատժամիջոցների պատճառով»,- հավելել է Սարգսյանը:
Խոսելով Իրանից Հայաստան երկաթուղային ճանապարհի և նավթատարի շինարարության շուրջ բանակցությունների մասին, Սարգսյանը նշել է, որ երկու կողմերը համաձայնագրեր են ստորագրել այս երկու կարևոր ենթակառուցվածքների նախագծերի իրականացման նպատակահարմարության, դրանց իրագործման կարևորության և փոխադարձ պարտավորությունների մասին:
«Երկաթուղային ճանապարհի մասով մենք համաձայնագիր ենք ստորագրել օպերատորի հետ, որն այժմ մասնավոր ներդրողներ է փնտրում, որոնք հետաքրքրված կլինեն ֆինանսավորել այս նախագիծը Հայաստանի տարածքում: Իրանական կողմը ֆինանսավորելու է իր մասը»,- ասել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է նավթատարին, ապա վարչապետը նշել է, որ կողմերը աշխատում են դրա տեխնիկական խնդիրների վրա՝ հավելելով, որ այս երկու նախագծերը գտնվում են հայ-իրանական հարաբերությունների օրակարգում:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նավթատարի շինարարությունը նույնպես կախված է լինելու պատժամիջոցներից՝ ՀՀ վարչապետն ասել է, որ պատժամիջոցներն, իհարկե, բարդացնում են աշխատանքը՝ ազդելով դրա արդյունավետության և իրագործման ժամկետների վրա:
Սարգսյանը հիշեցրել է, որ վերջերս սկսվել է հիդրոէլեկտրակայանի շինարարություն Հայաստանի և Իրանի սահմանի վրա: «Սա համատեղ նախագիծ է, որը ֆինանսավորվում է իրանցի մեր գործընկերների կողմից: Մենք ուշացումով ենք գործարկել այս նախագիծը վերոնշյալ պատճառով, սակայն մենք առաջ ենք շարժվում: Դա վերաբերում է նաև ձեր հիշատակած նախագծերին: Որոշակի ուշացումով, բայց մենք շարժվում ենք ճիշտ ուղիով»,- հայտարարել է Սարգսյանը:
Անդրադառնալով Իսրայելի և ԱՄՆ կողմից Իրանին հարվածելու հավանականության մասին խոսակցություններին՝ Սարգսյանը նշել է, որ դա վատ կանդրադառնա ինչպես տարածաշրջանի դրության, այնպես էլ Իրանի անմիջական հարևան հանդիսացող երկրների վրա՝ առաջացնելով բացասական իրադարձությունների շղթա, որոնք շատ բարդ կլինի կանգնեցնել, և որոնք կարող են հանգեցնել աղետալի իրադարձությունների:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք կողմ ենք բոլոր հարցերի լուծմանը բանակցային գործընթացի շրջանակներում: Շատ կարևոր է, որ Իրանին հաջողվի պայմանավորվել միջազգային հանրության հետ ատոմի խաղաղ կիրառման վերաբերյալ»,- ասել է ՀՀ վարչապետը:







































