Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ` Վրաստանի նախագահի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածուին կորոշի հասարակական քննարկումներից հետո:
Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին. «Մենք ցանկանում ենք հասարակական քննարկումներ անցկացնել ոչ միայն կուսակցության անդամների, այլև հասարակության շահագրգիռ շրջանակների հետ, որպեսզի դրանով իսկ հասարակությանը հնարավորություն տրվի ներառվելու այդ գործընթացում: Այդպիսով, մենք բոլորին ցույց կտանք, թե որքան թափանցիկ ու հասկանալի են կուսակցության որոշման ընթացակարգերը:
Կուսակցությունը պատրաստվում է մասնակցել այն բոլոր ընտրություններին, որոնք տեղի են ունենալու Վրաստանում՝ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների: Բնականաբար, մենք պատրաստվում ենք ուժեղանալ, թարմանալ, նոր մեթոդներ մտցնել մեր ղեկավարման մեջ»:









































