Անցած ամիս Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից ոչ հեռու գտնվել է կոալայի մի ձագ, որն այնքան փոքր է, որ հեշտությամբ տեղավորվում է սուրճի բաժակի մեջ, ու անգամ մեկ ամիս անց շատ քիչ է մեծացել: Կոալային խնամող Ջուլիա Զայզնևսկայան նրան Ռեյմոնդ է կոչել:
Երբ Ռեյմոնդին գտել են, նա հյուծված և ջրազրկված է եղել: Լինելով 2-3 ամսական՝ կոալան կշռել է ընդամենը 230 գրամ: Հավանաբար այն պատճառով, որ երկար ժամանակ մնացել էր առանց մոր խնամքի:
Ռեյմոնդի տարիքում մոր կողմից լքված կոալայի ձագերը շատ են տառապում և ընկճախտի մեջ են ընկնում՝ հրաժարվելով առաջարկված կաթից: Շատերը կարծում էին, որ փոքրիկ կոալան չի ապրի, սակայն Ջուլիայի ձեռքերում նա սկսեց ուտել և մինչև այժմ էլ հիանալի ախորժակ ունի: Նա նույնիսկ սկսել է ինքնուրույն էվկալիպտի տերևներ պոկել:
Ոչ-ոք չի կարողանում առանց ժպիտի անցնել այս հրաշքի կողքով:










































