Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` առաջիկա ամիսներին չի ակնկալվում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այս մասին Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը.
«Ներկայում բանակցություններն ընթանում են արտգործնախարարների մակարդակով: Կարծում ենք, որ այդ գործընթացը առաջիկա ամիսներին կիրականացվի առնվազն արտգործնախարարների մակարդակով: Դժվար է ասել, որ մոտ ապագայում կարող է տեղի ունենալ նոր բան: Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնելու են Բաքու, որտեղ երկուշաբթի պլանավորված է նրանց հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: Տարածաշրջանային այցի ավարտից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ: