Հունաստանին հերթական վարկային տրանշ հատկացնելու հարցի քննարկման նպատակով Եվրախմբի (եվրոգոտու ֆինանսների նախարարների) արտակարգ խորհրդակցությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այդ մասին այսօր հայտարարվել է Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում:
«Խորհրդակցությունը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Արտակարգ խորհրդակցությունների նպատակը հիմնական նիստից առաջ Հունաստանին հատկացվելիք օգնության վերաբերյալ որոշ հարցերի պարզաբանումն է: Հիմնական նիստը նշանակվել էր նոյեմբերի 26-ին»,– տեղեկացրել է բանակցություններին մասնակցող դիվանագետներից մեկը
Ենթադրվում է, որ Եվրախմբի երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը վերջնականապես կլուծվի Հունաստանին 31,5 միլիարդ եվրո հատկացնելու հարցը, որին Աթենքը սպասում էր ամռանից:
ИТАР-ТАСС-ի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ օրը կքննարկվեն Հունաստանի կողմից իր սեփական արժեթղթերի արտասահմանյան ներդրողներից գնման հարցը: Այժմ այդ հեռանկարը հունական պետական արժեթղթերի գնի բարձրացման պատճառով կասկածելի է թվում:
Քննարկման մեկ այլ թեմա է Եվրոպական կենտրոնական բանկի հաշիվներում գտնվող հունական արժեթղթերի 75 տոկոսն Աթենքին տրամադրելու հարցը:







































