Այսօր Ֆրանսիայի ոստիկանությունն անցել է լայնածավալ գործողության՝ Ֆրանիսայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի օդանավակայանի շինարարության դեմ բողոքողների ճամբարները ցրելու համար,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեն հաղորդել է, որ ավելի քան 500 ժանդարմներ քշում են ցուցարարներին, որպեսզի աշխատողներն ինչքան հնարավոր է՝ շուտ քանդեն ցուցարարների կողմից անօրինական կառուցած պատնեշներն ու ճամբարները:
Նշենք, որ անցած ուրբաթ շուրջ 40 հազար մարդ բողոքի ակցիա էր կազմակերպել Նանտից 30 կմ հյուսիս գտնվող Նոտր Դամ Դե Լանդ քաղաքի մոտ, որտեղ տեղական իշխանությունները նախատեսում են կառուցել օդանավակայան 1300 հա տարածքում: Ցույցին մասնակցել էին ագարակատերեր, որոնք չեն ցանկանում կորցնել պտղատու հողերը, բնապահպաններ, շրջակա բնակավայրերի բնակիչներ և այլք:
Նախագծերի համաձայն՝ Նոտր Դամ Դե Լանդի օդանավակայանի շինարարությունը սկսվելու է 2013 թ.: Օդանավակայանն առաջին ուղևորներին կկարողանա ընդունել 2017 թ., ունենալու է երկու թռիչքագոտի, որոնք ի վիճակի կլինեն ընդունել ցանկացած տեսակի ուղևորատար ինքնաթիռ: Նախագծի արժեքը գնահատվում է 550 միլիոն եվրո: Իշխանությունները համոզված են, որ նոր օդանավակայանի շահագործումը թույլ կտա կենդանացնել տեղի տնտեսությունը և ստեղծել հազարավոր նոր աշխատատեղեր:









































