«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մարքսիստ Դավիթ Հակոբյանը
– Պարոն Հակոբյան, 2013թ. նախագահական ընտրություններին Դուք առաջադրվելո՞ւ եք:
– Դեկտեմբերի սկզբին մեր համագումարում կորոշենք: Իհարկե, առաջին հերթին մենք ենք դիմում, ցանկանում առաջադրվել: Առաջինը մեր ինդիվիդուալ ցանկությունն է, համաձայնություն է, նոր մնացածը կուսակցությանն առաջարկելուց հետո կորոշվի:
– Առայժմ հայտնի է, որ առաջադրվելու են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կդնի: Չի բացառվում, որ առաջադրվեն նաև Գագիկ Ծառուկյանն ու Լևոն-Տեր-Պետրոսյանը: Հնարավո՞ր է, որ Դուք և Ձեր կուսակցությունը այս թեկնածուներից որևէ մեկին պաշտպանի:
– Երբ որ որոշում կլինի, և իրենք համապատասխան հայտարարություն անեն, կքննարկենք հարցերը, բայց ամեն դեպքում մի բան հստակ կարող եմ ասել, որ ես չեմ զիջում ոչ մեկին և ոչ մեկին էլ ես չեմ սատարի: Եվ որ իմ մուտքը նախագահական մարաթոն կլինի 4-րդ հանրապետության երկունքը նոր տնտեսական գահակալության և նոր պետական մեքենայի ստեղծման առումով: Այսինքն ես պետք է հանդես գամ որպես նոր պետական մեքենայի և նոր տնտեսական քաղաքականության գլխավոր ստրատեգ: Այդ առաքելության մեջ ես ինձ փոխարինող տեսաբան չեմ տեսնում: 2008-ի մարտի 1-ից հետո ՀԱԿ-ի հիմնադիր համագումարում առաջինն էի, որ ասացի, թե մարտի 1-ը պատմության մեջ կմտնի որպես հայկական արյունոտ շաբաթ, որն ազդարարեց 3-րդ հանրապետության վախճանը և 4-րդ հանրապետության երկունքը: Ահա այս նախագահական մարաթոնը կլինի 4-րդ հանրապետության երկունքը: Ո՞վ կծնվի այդ երկունքի արդյունքում գլխավոր ճարտարապետ, սա է խնդիրը: Մեր խնդիրն անհատների փոփոխությունը չէ, մեր խնդիրը 4-րդ հանրապետության ստեղծումն է:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ ԱԺ 4 խուսակցությունների քաղաքական կոնսուլտացիաները
– Իմ կարծիքը մեկ նախադասությամբ եմ ասել՝ կատարյալ քաղաքական ապուշություն: Դրանք անգամ ժողովրդի հարցին չեն կարողանում պատասխանել: Ժողովուրդը հարցնում է, ինչո՞ւ 17 թիվը: Ի՞նչ է նշանակում 2017 թվի համար այսօր թադարիք անել: Երբ որ 2013թ. նախագահական ընտրություններին բացարձակ համամասնական համակարգը պետք չէ: Ինչի՞ համար է այդ ավանտյուրան: Սերժ Ազատիչին պրախո՞դ տալ 2017 թվին նորից վերընտրվելու, Սահակաշվիլու նման վերջին տարում նախագահական ինստիտուտը լիկվիդացնել և վարչապետական կառավարմանն անցնելու համար: Վա պեռվիխ այդ համամասնական-մեծամասնականի հարցը ժամանակավրեպ է, վա ֆտառիխ, ինչ նպատակ ունի դա: Բացարձակ անհայտ է: Այդ անհայտը 7 կողպեքների հետևում է, թող իրենք բացատրություն տան: Ի՞նչ է նշանակում այսօր ներկայացնել մի խնդիր, որը նախագահական ընտրությունների հետ կապ չունի:
– Իսկ ինչո՞ւ եք դեմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
– Այդ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին ես դեմ եմ: Ես տվել եմ 21-րդ դարի նոր ընտրական իրավունքը՝ համամասնական ցուցակներով և մեծամասնական ընտրակարգով: Այսինքն 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանել 131 ընտրատարածքների: Ցուցակները կազմում են կուսակցություններն ըստ այբբենական կարգի, ուղարկում են 131 տեղամասեր իրենց առաքելությամբ: Ով ինչքան ձայն կբերի տվյալ գաղափարախոսության կամ կուսակցության համար, պառլամենտական ցուցակի հիեարխիկ կլանը կձևավորեն այդ բերած տոկոսները: Այսինքն կձևավորի ինքը՝ ժողովուրդը: Եվ ոչ թե կուսակցապետերի խնամակալությամբ դա կձևավորվի, ով շատ փող տա, այնքան վերին սանդղակում կընկնի: Երկրորդը, ինչ է նշանակում՝ ընտրեք համամասնականին, գաղափարին: Իսկ ձեր կուսակցություները՝ 70 ավազակախմբերը, գրանցվել են գաղափարի՞ շուրջ: 70 դեմոկրատական, լիբերալ բուրժուական գաղափարախոսություն կրող կուսակցություններից ո՞ր մեկի գաղափարախոսությանը ժողովուրդը ձայն տա:
– Ամեն դեպքում Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ է հետապնդում համակարգերի փոփոխության այդ առաջարկությունը:
– Դա նշանակում է, որ այդ 4 կուսակցությունները պռախոդ են տալիս, որ այսօրվա նախագահը գնա այն պայմանով, որ 2017 թվին իրենից հետո փակի նախագահական ինստիտուտը: Հասկացա՞ք ինչ է կատարվում: Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում փակել նախագահական ինստիտուտը: Դա նշանակում է, ժողովրդին զրկել ուղղակի ներքևից թագավոր ընտրելու իրավունքից: Մեջբերում են անգլիական իրավունքը, բայց շատ կներեք, նախագահն ազգի խորհրդանիշն է: Իսկ Անգլիան թագուհի ունի, այսինքն ազգը միավորող խորհրդանիշ կա: Մեզ մոտ չկա: ՀՀ-ն խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համար 300 տարվա դեմոկրատիայի ճանապարհ պետք է անցնի: Թե չէ այդ դեպուտատները համամասնական ցուցակ նորից կաշառքով են գալու՝ շրջանցելով ժողովրդի կարծիքը: Իրենց մեջ ընտրելու են մի թագավոր ու հրամցնեն ժողովրդին: Դա ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ձևավորելու համար:
– Ռոբերտ Քոչարյանի ազդեցություն տեսնո՞ւմ եք քաղաքական գործընթացների վրա:
– Ես կարծում եմ, որ նա արդենիսկ մտել է քաղաքականություն:
– Ինչպե՞ս:
– Դուք ինձ ինչ եք հարցնում, ես ձեզ կարևոր բաներ եմ ասում:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ համատեղ կոնսուլտացիաներին մասնակցող այդ կուսակցություններն ընդհանուր թեկնածու ունենան:
– Ես երբեք չեմ հավատացել միաբանությանը, դրանք տարբեր շահեր հետապնդող կուսակցություններ են: Ես կոչ եմ արել միաբանվել մեկ կարգախոսի տակ՝ դա մարքսիզմի կարևորագույն սկզբունքներն են: Իսկ այն ընտրական իրավունքը, որ նրանք այսօր պահանջում են, ժամանակավրեպ է և բացարձակ ժողովրդավարական չէ 21-րդ դարի համար: Սկզբունքորեն նոր ընտրական իրավունք է անհրաժեշտ: Ընտրական իրավունքը երկու կարևոր խնդիր է իրականացնում՝ առաջինը իշխանափոխություն, երկրորդը իշխանափոխության համար ապահովում է հասարակության ֆիզիկական անվտագնությունը:






































