Եվրախորհրդարանը կարգելափակի 2014-2020 թթ. ԵՄ բյուջեի նախագիծը, եթե գագաթնաժողովի մասնակիցները բյուջեն «չափից դուրս կրճատելու» որոշում կայացնեն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին:
«Գագաթնաժողովին շատ բարդ կլինի հավասարակշռված փոխզիջում ձեռք բերել յոթնամյա բյուջետային նախագծի շուրջ»,- ընդգծել է Շուլցը` հավելելով, որ չի հավատում, թե հարցը կլուծվի այս գագաթնաժողովում:
Շուլցի խոսքերով` եթե գագաթնաժողովը բյուջետային նախագիծը չափից դուրս կրճատելու որոշում կայացնի, Եվրախորհրդարանն, անկասկած, դեմ կքվեարկի դրան:
Նախագիծը ենթադրում է յոթնամյա բյուջետային նախագծի համընդհանուր ծավալը ֆիքսել 1091 միլիարդ եվրոյի մակարդակի վրա: Այս նախագծի հետ համաձայն չեն ԵՄ անդամ առաջատար երկրները, որոնք պնդում են, որ այս գումարը պետք է կրճատվի առնվազն 100 միլիարդ եվրոյով: