Ֆինլանդիայի ոստիկանությունը գույքի առգրավմամբ խուզարկություն է անցկացրել 9-ամյա աղջնակի տանը, ով կասկածվում է ցանցահենության մեջ: Այս մասին հաղորդում է Kaleva-ն:
Խուզարկության ընթացքում առգրավվել է աղջկա նոթբուքը, որի վրա եղել են ցանցահենային ճանապարհով ներբեռնված տվյալներ:
Ինչպես պարզվել է, միջադեպը, որի կապակցությամբ անցկացվել է հետախուզությունը, տեղի է ունեցել 2011 թ. հոկտեմբերին: Աղջիկը, ով ցանկացել է լսել իր սիրելի փոփ երգչուհի Քիսուի ալբոմը, անհրաժեշտ անվանումը գրել է որոնողական համակարգում, որը հղում է տվել The Pirate Bay կայքին:
Անօրինական ներբեռնումը հայտնվել է Համակարգչային ցանցահենության դեմ պայքարի Ֆինլանդիայի վարչության (CIAPC) ուշադրության կենտրոնում: Ընտանիքի հայրը, ում անունով եղել է ինտերնետ-մատակարարի հետ պայմանագիրը, տուգանվել է 600 եվրոյով, սակայն նա հրաժարվել է վճարել: Նրա խոսքերով` համացանցից ներբեռնված ֆայլերը չի հաջողվել վերարտադրել, և հաջորդ օրն իրենք երգչուհու ալբոմը գնել են խանութից:
Ոստիկանության և CIAPC գործողությունները դատապարտվել են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:






































