Հինգշաբթի Հունաստանի առաջատար արհմիությունները բողոքի ցույցերի նոր փուլ են սկսել պետական ոլորտում նախատեսվող կրճատումների դեմ: Այս մասին հայտարարում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գործադուլ հայտարարած կոմիտեների հաղորդագրությունը:
Պետական ծառայողների միության ADEDY խոշորագույն արհմիությունն իր անդամներին կարգադրել է դադարեցնել աշխատանքը առավոտյան` տեղի ժամանակով ժամը 11:00-ից և ժամը 12:30-ից ցույց անցկացնել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:
Տեղական ինքնակառավարման մարմինները ևս գործադուլ են հայտարարել և մտադիր են բողոքի երթով շարժվել դեպի Հունաստանի վարչական բարեփոխումների նախարարության շենք:
Համանման բողոքի ցույցեր են տեղի ունենալու Հունաստանի վարչական շրջանների բոլոր քաղաքներում:
Ծախսերի կրճատման շրջանակներում Հունաստանի կառավարությունը մտադիր է կրճատել հազարավոր պետծառայողների և առաջին փուլում իրականացնել կրճատման ենթակա աշխատակիցների «մարդահամար»: Հաստատությունների մեծ մասը չի ներկայացրել նման ցուցակ՝ չնայած իշխանության ճնշումներին:










































