Մարտի 1-ը կարող է ծաղիկներ թվալ այն բանի համեմատ, ինչ կարող է լինել Հայաստանում հետընտրական շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների շուրջ: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը ենթադրելու տեղ է տալիս, որ Մարտի 1-ը կարող է ծաղիկներ թվալ այն բանի համեմատ, ինչ կարող է լինել Հայաստանում, որի արդյունքում, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունից փոքր կտոր կարող է մնալ: Նրա կարծիքով՝ այս իրավիճակում երկու ճանապարհ կա:
«88 թվականի իրավիճակը հետևյալն էր. Հայաստանն ուներ իշխանություն, այդ իշխանությունը Մոսկվայի կողմից ձևավորված իշխանություն էր, բայց իրողությունն այնպիսին էր, որ երբ ժողովուրդը դուրս եկավ, իշխանությունն անցավ ժողովրդի ձեռքը: Այն ժամանակ Հայաստանն ավելի անկախ էր, քան այսօրվա Հայաստանը: Այսօր այդ կախվածությունն էապես ավելի բարձր է:
Կար ժողովուրդ, որի հետ ստիպված էր հաշվի նստել իշխող ուժը: Մոսկվան ստիպված էր հաշվի նստել իր իշխանավորների հետ: Այսօր երկու այդպիսի կենտրոն կա, եթե ժողովուրդը դուրս գա, այդ ուժը, անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանն է, թե մյուսն է, ով էլ լինի, ինչ էլ լինի, կարող է միշտ ասել՝ չի կարող տնօրինել, նա կվերածվի հակակշռի, որ տեղի չունենան ցնցումներ:
Երկրորդ տարբերակը. ՀՀ պատմության մեջ եղել է Լեոնիդ Ազգալդյան, պետականություն կրող զարմանալի գործիչներից մեկը: Այսօր նման մեկը կարող է առաջ գալ»,- տարբերակներ առաջ քաշեց Աշոտ Մանուչարյանը:








































