ԱՄՆ ռազմածովային ուժերը բացահայտել են Բեն Լադենի հուղարկավորության գաղտնի պատմությունը: Միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի մարմինը չի դիակիզվել, նրան հուղարկավորել են՝ համապատասխան մուսուլմանական ավանդույթների: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) հրամանատարության ներկայացուցիչների հրապարակած փաստաթուղթը:
Նախկին թիվ մեկ ահաբեկիչը չեզոքացվել է 2011 թվականի մայիսին ՝ Պակիստանի Աբոտաբադ քաղաքում՝ ամերիկյան հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայի արդյունքում: «Ալ-Քաիդայի» ղեկավարի մարմինը փորձաքննության ենթարկելուց հետո ծովն են նետել: Այլ տվյալներով՝ դիակիզումից հետո ծովն են նետել նրա աճյունասափորը: Հուղարկավորման վայրը չի հաղորդվում:
«Հանգուցյալի մարմինը լվացվել է և փաթաթվել սպիտակ սավանով… Սպան կարդացել է ծիսական տեքստ, որն անուհետև թարգմանվել է արաբերեն… Երբ խոսքերն արտասանվում էին, մարմինը տեղավորել են տախտակի վրա և… այն սայթաքել է ծովը»,- մեջբերում է գործակալությունը նամակներից մեկը, որոնք մինչ լրագրողներին հանձնելը կոշտ գրաքննության են ենթարկվել ռազմական գերատեսչությունում: Նամակներում հիշատակվում է, որ հուղարկավորման անցկացման մասին իմացել են նավի անձնակազմի մի քանի ավագ սպաներ:
Թեև բեն Լադենի մահից ավելի քան մեկ տարի է անցել, նրա կյանքի ու մահվան պատմությունը շարունակում է նախկինի պես մնալ հասարակության և լրագրողների ուշադրության օբյեկտ:











































