Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բանտարկյալներին հանձնել Աֆղանստանի իշխանություններին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Աֆղան առաջնորդի ելույթը հաջորդել է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններին՝ նվիրված 2014 թվականին Աֆղանստանի արևմտյան կոալիցիոն ուժերի դուրս բերումից հետո երկրի անվտանգության ապահովման գործում ԱՄՆ-ի դերին:
Իր ելույթում Կարզայը ամերիկացի զինվորներին կոչ է արել ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որոնց կալանքի տակ պահելու համար չկան Աֆղանստանի օրենքներին համապատասխանող հիմքեր, և նրանց հանձնել տեղի իշխանություններին:
Աֆղաստանի նախագահի ներկայացուցիչ Այմալ Ֆաիզին հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները սխալմամբ ձերբակալել են ավելի քան 70 աֆղանցու, որոնց տեղի դատարաններն արդարացրել են: Ֆաիզին ընդգծել է, որ աֆղանական օրենսդրությունում չկա «վարչական կալանք» հասկացությունը, որը հիմք է տալիս առանց դատական կարգի կասկածյալին կալանքի տակ պահել:
Փորձագետները նշում են, որ բանտարկյալներն ազատ արձակելու Կարզայի կոչը լրջորեն կդժվարացնի առանց այդ էլ բարդ բանակցությունները Վաշինգտոնի և Քաբուլի միջև՝ 2014-ից երկու պետությունների համագործակցության ձևաչափի վերաբերյալ:







































