Իսրայելի և Պաղեստինի միջև պայմանավորվածությունը Գազայի հատվածում կրակը դադարեցնելու մասին դարձել է իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղություն հաստատելու առաջին փուլը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Մահմուդ Ամրը հայտարարել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտություն ձեռք բերելու մասին, որն ուժի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 23.00-ին:
«ԱՄՆ և Եգիպտոսն ուշադրությամբ կհետևեն Իսրայելի և Պաղեստինի միջև ձեռք բերված համաձայնագրի իրականացմանը և այդ համաձայնագիրը կողմերի միջև ամուր խաղաղություն ձեռք բերելու ճանապարհին առաջին քայլն է»,- ասել է Քլինթոնը Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Քլինթոնը չորեքշաբթի օրն այցելել է Կահիրե, որտեղ բանակցություններ է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ Գազայի հատվածում տիրող իրադրության առնչությամբ: Մինչ այդ պետքարտուղարը Թել Ավիվում հանդիպել էր Իսրայելի ղեկավարության և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ` Հորդանան գետի արևմտյան ափի մոտ գտնվող Ռամալե քաղաքում:










































