Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Պակիստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի առաջարկը:
Վերջինս Էրդողանին առաջարկել էր փակել Մալաթիայի նահանգի Քյուրեջիք վայրում գտնվող ՆԱՏՕ-ի բազան (ռադիոտեղորոշիչ կայան)՝ ապացուցելու համար, որ Էրդողանն անկեղծ է Իսրայելին քննադատող իր հայտարարություններում: Ըստ Քըլըչդարօղլուի՝ Թուրքիայի տարածքում տեղակայված տվյալ հակահրթիռային վահանը ծառայում է Իսրայելի անվտանգության ապահովմանը:
Ի պատասխան՝ Էրդողանը Քըլըչդարօղլուին որակել է որպես «տգետ և անփորձ քաղաքական գործիչ». «Եթե մենք քննենք ՆԱՏՕ-ի բազայի վերաբերյալ նրա խոսքերը, որ ՆԱՏՕ-ի բազան մենք հիմնել ենք Իսրայելի համար, ապա կտեսնենք քաղաքական շատ լուրջ անփորձություն: Պարոն Քըլըչդարօղլուն քաղաքականության մեջ դեռ աշակերտ է:
Այդ բազան վերստին հիմնվել է այն նույն վայրում, որտեղ ավելի վաղ ևս գործել է ՆԱՏՕ-ի բազան, և Իսրայելը կապ չունի դրա հետ: Այդ բազան հիմնվել է տարածաշրջանի ու աշխարհի համար: Նա ասում է «հակահրթիռային վահան», բայց մի՞թե այնտեղ կա հակահրթիռային վահան: Այնտեղ գործում է միայն ռադարային բազա:
Եթե այնտեղ հրթիռներ տեղակայեն, ապա դրա համար անհրաժեշտ է մեր թույլտվությունը: Դա ՆԱՏՕ-ի ռադարային բազան է, և մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք: Մենք ենք այդ հարցում «այո» ասել ՆԱՏՕ-ին և նախապայմաններ ներկայացրել: Մենք իրավունք ունենք մեր ուզած ժամանակ այն վերացնել այդտեղից»:











































