Nokia ընկերությունը թողարկել է HERE քարտեզագրական ծառայությունը iOS-սարքերի համար: Ծրագիրը կարելի է անվճար ներբեռնել App Store-ում: Դրա օգնությամբ ֆինները փորձում են գրավել օգտատերերին, որոնք մնացել էին առանց քարտեզների: Հիշեցնենք, որ iOS 6-ում Google Maps-ը բացակայում է՝ Apple ընկերության կողմից սեփական քարտեզները ներդնելու նախաձեռնության պատճառով: Այն բազմաթիվ օգտատերերի կողմից քննադատությունների արժանացավ անճշտությունների պատճառով: Nokia-ի քարտեզները թողարկվել են հենց այն ժամանակ, երբ Apple-ը կատարելագործում է իր քարտեզները, իսկ Google-ը դեռևս չի վերջացրել իր առանձին հավելվածը:
Nokia-ին քարտեզները մատակարարում է NAVTEQ-ը, որը ֆիննական ընկերության կազմում է 2008 թվականից: HERE-ում ներառված են 200 երկրների քարտեզներ:
HERE-ի խոստացած գործառույթները առկա են, սակայն, օրինակ՝ Լոնդոնում ծրագիրը ցույց է տալիս խցանումների մասին ավելի շատ տվյալներ, քան Apple-ի քարտեզները, բայց ավելի քիչ, քան Google Maps-ը: Բացի այդ, այն վատ է կազմում երթուղիները հասարակական տրանսպորտի կիրառմամբ, իսկ Լոնդոնում ու Ամստերդամում այն հաշվի չի առնում ավտոբուսներն ու տրամվայները: Լրագրողները կարծում են, որ այն չի կարող դառնալ Google Maps-ի լիարժեք այլընտրանք:









































