Մեր աչքերն այնպիսի կառուցվածք ունեն, որ որոշ գույների հավաքածուներ ընկալվում են միօրինակ: Օրինակ՝ եթե պտտենք ծիածանի գույները, ապա արդյունքում դրանք կմիավորվեն մեկ գույնի՝ սպիտակի մեջ: Նույն ազդեցությունը նկատվում է նաև ակուստիկայում:
Վեյցմանի համալսարանի իսրայելցի գիտնականների կատարած նոր հետազոտության համաձայն՝ նման սկզբունքները տարածվում են նաև հոտառության վրա:
Քթի խոռոչի հատուկ հատվածներ պարունակում են հարյուրավոր ընկալիչներ, որոնցից ամեն մեկը ճանաչում է որոշակի բույր: Հետազոտողները որոշել են խառնել տարբեր բույրեր և տեսնել, թե ինչպես դրանց կարձագանքի մեր հոտառությունը:
Ինչպես հաղորդվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում, գիտնականները կիրառել են ամենատարբեր հոտերով 86 քիմիական նյութեր: Ստեղծվել են տասնյակ խառնուրդներ, որոնք պարունակում են մեկից մինչև 56 բաղադրիչ: Փորձարկման մասնակից 56 մարդիկ բույրի միջոցով պետք է փորձեին տարբերակել խառնուրդները:
20 և ավելի բաղադրիչ պարունակող խառնուրդների դեպքում փորձի մասնակիցներին սկսել է թվալ, որ առանձին խառնուրդները, որոնք ընդհանուր բաղադրիչներ չեն ունեցել, միևնույն բույրն ունեն: 30 և ավելի բաղադրիչներ պարունակող խառնուրդներն ընդհանրապես չեն կարողացել տարբերակել միմյանցից:
Գիտնականների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, անհնար է բնության մեջ գտնել այսպիսի «սպիտակ բույր»: Մարդիկ տարբերակում են բույրերը, քանի որ այդ խառնուրդների առանձին բաղադրիչներ քիմիապես կապված են: Առավել կարևոր է, որ որոշ բաղադրիչներ ավելի ինտենսիվ են բուրում՝ ի տարբերություն մյուսների: Ուղեղին խաբելու համար ընկալիչներն անհրաժեշտ է գրգռել հավասար մակարդակով:








































