«Ես կարծում եմ՝ միայն այս հարցազրույցը չէ, որ հստակ ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքականությունից դուրս չի եկել, բայց նաև միաժամանակ չի կարելի չասել, որ այս հարցազրույցը բավական մեծ նշանակություն ունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքերով՝ այս հարցազրույցը մարտահրավեր է նրանց, ովքեր անհիմն ու անտեղի փորձում էին Քոչարյանին մեղադրել տարբեր չարաշահումների մեջ․ «Ընդհանրապես, ես ողջունում եմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահների ակտիվ կեցվածքը տարբեր հարցերի վերաբերյալ․ սա նոր քաղաքական իրավիճակ է, և այստեղ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակական կազմակերպությունները շատ լուրջ անելիք ունեն»:
Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ իշխանությունների դիրքորոշումը տարբեր հարցերի հետ կապված չի համընկնում պետական և հասարակական շահերի հետ․ «Բոլոր ուժերը, անկախ իրենց ունեցած անցյալից, անկախ նախկինում իրենց ունեցած վերաբերմունքից, պետք է կոնսոլիդացվեն կոնկրետ խնդրի շուրջ՝ ընդդիմադիր ներկա իշխանություններին: Թե՛ առաջին նախագահը, թե՛ երկրորդ նախագահը, թե՛ քառյակը պետք է մի կողմ դնեն տարաձայնություններն ու համախմբվեն ընդհանուր խնդիր լուծելու համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։