«Ինչո՞ւ չեք խոսում կալանավայրերում կոռուպցիայի մասին, որ ամեն ինչը փող է` լողանալը 1000 դրամ է»,- երեկ Աժ-ում խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այսպիսի հարց ուղղեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Այդ հարցը մնաց անպատասխան:
Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց, թե նա տեղյա՞կ է, որ բանտերում լուրջ կոոուպցիոն երևույթներ կան, որ լողանալը, լվացվելը փող է: Նա պատասխանեց. «Լողանալու, ծանրոցներ փոխանցելու, խցից խուց տեղափոխվելու, որոշակի ներքին հարաբերությունների մեջ մենք գիտենք, որ կան խտրական դրսևորումներ, և գիտենք, որ կան չկանոնակարգված, ադմինիստրացիայի հայեցողությանը թողնված խնդիրներ: Եվ քանի որ այնտեղ կա սողանցք` անել այսպես կամ այնպես, կամ ըստ ադմինիստրացիայի ցանկության, այդտեղ քլ ծնվում են բոլոր կոոուպցիոն երևոյթները»:
Ինչ վերաբերում է «խառոշիներին» և «զոն նայողներին» բանտերում արտոնություններ տալուն` Կարեն Անդրեասյանն ասաց, որ «դրանց մասով նաև քրեական օրենքներ կան, և ադմինիստրացիան իր կոռուպցիոն օրենքները համադրում է նաև քրեական օրենքների հետ, և այդ քրեական-կոռուպցիոն օրենքներով նոր մի կերպ տեղ է մնում մեր պետության օրենքներին»:









































