ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ երկիրը պահանջում է իշխանափոխություն, ժողովուրդը հոգնել է Սերժ Սարգսյանի ռեժիմից, թալանից, մարդիկ գնում են, և եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը «կավարտվի»: Հայաստանում, ըստ նրա, ստեղծվել է մի վիճակ, ինչպիսին 2003 թ. Վրաստանում էր, որը հանգեցրեց «վարդերի հեղափոխության»: «Այսօր զարգացում չկա: Բոլորը հասկանում են, որ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումն է՝ ընտրությունների միջոցով: Բայց ստեղծվել է մի վիճակ, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ այս իշխանությանը հեռացնել: 700 հազար ձայն մտել են ընտրացուցակներ, որ գուցե գոյութուն չունեն, և նրանք ապահովում են իշխանության համար ցանկալի արդյունքներ»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե իշխաությունը չի ուզում հեղափոխություն լինի, պետք է հնարավորություն տա ժողովրդին ընտրել այն իշխանությանը, որին ուզում է:
ՀԱԿ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ-ն խոստացել է բոյկոտել: Դրան ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը նշել է, որ բոյկոտումն աբսուրդ է և հակասահմանադրական կեցվածք. «Սա նշանակում է Սահմանադրությամբ երաշխավորված ընդդիմության իրավունքի բռնաբարում: Սա նշանակում է՝ ոչ միայն վախենում են, որ լինեն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, այլև վախենում են ուղղակի քննարկել այս հարցերը: Ո՞ւմ հետ գործ ունենք. մի իշխանության հետ, որ ամեն գնով փորձում է ապօրինաբար պահել իշխանությունը: Մենք էլ ասում ենք, որ պետք է համախմբել քաղաքական դաշտը, ճնշումն ուժեղացնել»,- ասել է Լևոն Զուրաբյանն ու խնդրով մտահոգ քաղաքացիներին հրավիրել ԱԺ:
Խոսելով քաղաքական կոնսուլտացիաների մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ ՀՅԴ-ի հետ չհասկացվածության բեռ կա, և փորձում են մաքրել՝ երկուստեք նայելով առաջ: Կոնսուլտացիաներից թեև ժողովրդի ակնկալիքները մեծ են, սակայն Լևոն Զուրաբյանը չի բացառում նաև ձախողումը: «Բայց չփորձել, եթե կա հնարավորություն, մենք նման շքեղություն մեզ թույլ տալ չենք կարող»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է մինչև վերջ հասնել, տրամաբանական ավարտին հասցնել բանակցությունները, ապա ամեն մեկն իր ուժերով փորձի առաջ գնալ: Իսկ եթե միասին առաջխաղացումը ստացվեց, երկրում արմատական փոփոխություններ կլինեն:
«Շատ կարևոր է, որ իրականացնենք իշխանափոխություն: Կարևոր չէ, թե այդ իշխանափոխության հետևանքով ինչ է լինելու, կարևոր է, որ այս ճահճից դուրս գանք»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Նա բնական է համարել, որ քաղաքական ուժն իր լիդերին է տեսնում որպես նախագահի միասնական թեկնածու. «Ամեն թիմ ունի իր ամբիցիաները: Եվ մեր թիմում և այն թիմերում, որ բանակցում ենք, կա ըմբռնում, որ այդքան կարևոր չեն սեփական ամբիցիաները, որվհետև այսօր հարց է դրված, որ եթե չհաջողենք, բոլոր ամբիցիաները ոչնչացվելու են»:









































