Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի Հեղաշրջումների ու հուշագրերի հետազոտման հանձնաժողովի՝ 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական հեղաշրջման գործը հետազոտող ենթահանձնաժողովն ավարտել է իր հետազոտական աշխատանքները և պատրաստել համապատասխան զեկույց:
Այն բաղկացած է 10 գլխից: Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի՝ կասկածելի հանգամանքներում մահանալուն, որը եղավ այն բանից հետո, երբ Օզալը 12-օրյա շրջագայություն կատարեց 5 երկիր: Օզալի մահվան հանգամանքների պարզման գործընթացը դեռ ընթացքի մեջ է:
Զեկույցում խոսք է գնում նաև Սվազի կոտորածի մասին, որը 1993 թվականի հուլիսի 2-ին իրականացրել են սուննի արմատականներն ալևիների նկատմամբ: Զեկույցում ուշադրություն է հրավիրվում երկրի տնտեսությանը 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական հեղաշրջման պատճառած վնասի վրա: Այն գնահատվում է 381 միլիարդ դոլար, ինչի հետևանքով երկիրը 2001 թվականին հայտնվել է ճգնաժամի մեջ:








































