Արգենտինացի գիտնականները հայտնաբերել են ամենախոշոր հնագույն պինգվինի մնացորդները, որի հասակը հասնում է երկու մետրի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Մասնագետները նշել են կենդանու տարիքը, որը մոտավորապես կազմում է 34 մլն տարի: Ըստ Լա-Պլատայի թանգարանի հնէաբան Կարոլինա Ակոստայի խոսքերի՝ հաշվարկները ցույց են տալիս, որ խոսքը մինչ օրս հայտնի ամենախոշոր պինգվինի մասին է, ինչպես հասակի, այնպես էլ քաշի առումով: Գիտնականը նշել է, որ մոլորակի վրա գոյություն ունեցող այս տեսակի ամենամեծ կենդանին կայսերական պինգվինն է, որի հասակը կարող է հասնել մինչև 1.2 մետրի:
Հսկայական պինգվինը խոշոր զարգացած մկաններ է ունեցել, որը նրան թույլ է տվել տեղաշարժվել ջրում: Հնէաբանները դեռ չեն կարողանում իրենց բացահայտումը վերագրել պինգվինների ինչ-որ ընդունված տեսակի, բայց հույս ունեն հայտնաբերել ավելի շատ մնացորդներ Անտարկտիդա հաջորդ գիտական արշավի ժամանակ:








































