1954-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել Երեխաների համաշխարհային օրը (Universal Children’s Day) նշել որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր` նվիրված ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությունն ապահովելուն: ՄԱԿ-ը պետություններին առաջարկել էր այդ տոնը նշել ցանկացած օր, որը հարմար կգտնեն: 1959-ի նոյեմբերի 20-ին ասամբլեան ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին` Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
Ամեն տարի 11 մլն երեխա մահանում է` չապրելով մինչև 5 տարեկանը, ևս տասնյակ միլիոններ մնում են ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ` չունենալով մեծանալու, կյանքի և զարգացման հնարավորություն: Այդ մահերից շատերի պատճառը հեշտ կանխարգելվող կամ հեշտ բուժվող հիվանդություններ են լինում, մյուսներինը` աղքատությունը, անկրթությունը, խտրականությունը և բռնությունը:
Երեխաներն առավել անպաշտպան են դառնում ավելի մեծ տարիքում, հաճախ զուրկ են լինում կրթության, հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու, առողջությանը վնաս հասցնելուց պաշտպանվելու իրավունքներից:
ՄԱԿ-ի երեխաների ֆոնդը երեխաների առողջության պահպանման ծավալուն աշխատանքներ է իրականացնում բոլոր առումներով` վաղաժամ ծնվելու պահից մինչև երիտասարդություն: Ֆոնդը քայլեր է ձեռնարկում հղիներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ մինչև ծննդաբերությունը և դրա ժամանակ, տնային պայմաններում երեխաների առողջության մասին հոգալու ընտանիքների հնարավորությունների մեծացման ուղղությամբ, խորհրդատվությւն է կազմակերպում առողջապահության բարձր մակարդակ ապահովելու ուղղությամբ, հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատճառով ծնողներին կորցրած երեխաները նույնպիսի խնամք ստանան, ինչպիսին նրանց հասակակիցները, օգնում է արժանապատիվ կյանք ապահովել ՁԻԱՀ-ով հիվանդ կանանց և երեխաների համար:











































