ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանին,Ավանի որոշ բնակիչների կարծիքով, կարող է առավելություն լինել, որոշների կարծիքով՝ հակառակը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներում այս մասին շրջանառվող տեղեկություններին։
Հարցին, թե Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը Ռոբերտ Սարգսյանին կավելացնի՞ նրա կշիռը դեկտեմբերի 2-ին Ավանի թիվ 1 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում, թե՝ ոչ, Սաֆարյանը պատասխանեց, որ ինքն ընտրողներին նման հարցեր չի ուղղում, թե ինչպես են նրանք վերաբերվում այս կամ այն թեկնածուին Ռ.Հայրապետյանի աջակցությանը: Նա հստակեցրեց, որ դա իր ծրագրերի և օրակարգի մեջ չի մտնում: «Իմ կարծիքը կարող է կապ չունենալ իրականության հետ: Հասարակության որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ կարող է դա առավելություն լինել, որոշների կարծիքով՝ միգուցե ոչ այնքան ողջունվող հանգամանք»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ նա նկատեց, որ ոստիկանությունը չափազանց ուշադիր է քարոզարշավի նկատմամբ: «Առայժմ որևէ բախում, որևէ տհաճ միջադեպ չենք նկատել: Մի քանի նախընտրական պլակատ պոկվել է, դրանք փոխարինվում են:Նկատելի է վախի մթնոլորտ.երբ գնում ենք բակային քարոզարշավի, ովքեր հասցնում են իջնել բակ, փոխանցում են, որ մարդկանց զգալի հատվածը խուսափում է երևալ հանդիպումներին:Իհարկե, տխրեցնող է, որ մարդիկ սեփականբակում նախընտրած մարդու հետ չեն կարողանում հանդիպել: Անհավասար պայմանների մասին էլ չեմ խոսում, դա թիվ 1 ընտրատարածքի ընտրողներն են տեսնում: Այսօր ընտրողներից ահազանգ ստացանք, որ երիտասարդներ մտնում են տներ և փորձում են պարզել, թեով ում է քվեարկելու: Քվեարկության իրական պատկերն են փորձում հասկանալ, չգիտեմ, թե ինչու»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, քարոզչությունը լավ է ընթանում, իր համակիրներն ակտիվ աշխատում են:





































