ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք բարձրացրել են իրենց հուզող մի քանի խնդիր:
Առաջինը վերաբերում է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը. եթե ժամանակին ԵԽԽՎ-ն մեծ պատասխանատվությամբ մոտենար այդ իրադարձություններին, պատժվեին Մարտի 1-ի կազմակերպիչներն ու մեղավորները, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր քաղաքացիներին գնդակահարելու հրաման չէր տա:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն ու համազեկուցողները նորից անդրադառնում են Մարտի 1-ի իրադարձություններին իրենց հետևողական աշխատանքի արդյունքում, այսինքն՝ Լևոն Զուրաբյանի ներկայացմամբ, ինքը, լինելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, այդ կառույցում հետևողականորեն բարձրացրել է Մարտի 1-ի հարցը:
Նշենք նաև, որ ՀԱԿ խմբակցությունից առաջ ԵԽԽՎ համազեկուցողները ԱԺ-ում հանդիպել են «Ժառանգություն», ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների հետ: Այս երեքից ոչ մեկը Մարտի 1-ի հարցին չի անդրադարձել: Հարցը չէին բարձրացրել նաև համզեկուցողները: Առայժմ միայն ՀԱԿ խմբակցությունն է համազեկուցողների հետ քննարկել այդ հարցը: