Հայաստանի ավտոյուղերի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Դենօյլ», «Մոսկո» և «Ռանօյլ» ընկերությունները, որոնք միասին զբաղեցնում են շուկայի 72%-ը: Այս մասին այսօր Աղվերանում ընթացող «Պետական գնումներ և անբարեխիղճ մրցակցություն» թեմայով երկօրյա սեմինար-քննարկման ժամանակ տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել ավտոյուղերի շուկայում և բացահայտել է, որ այս խոշոր ներմուծողները կարող են ազդեցություն թողնել շուկայի վրա, փաստը ֆիքսվել է, որ հետևեն շուկայի զարգացումներին:
Ա. Շաբոյանի խոսքով՝ վերջին բացահայտումներից հետո տնտեսվարողները ակտիվացել են և պետական գնումների ոլորտում խնդիրներ տեսնելիս դիմում են հանձնաժողովին, բավականին բողոքներ ստացվել են ավտոշուկայի ոլորտի հետ կապված: ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ հիմնականում խնդիրները կապված են մրցույթներում առաջարկվող ավելի ցածր գների հետ, ընդ որում` մեկ-երկու մրցույթի մասին չի խոսքը, այլ՝ շատ, և խոսքը դեմպինգային երևույթների մասին է, քանի որ անտրամաբանական է միշտ ավելի ցածր գին ներկայացնել:
Ըստ Շաբոյանի՝ որոշ դեպքերում տնտեսվարողները պնդել են, թե սխալ տեղեկատվություն են ներկայացրել և ժամանակ են խնդրել սխալն ուղղելու համար. «Տնտեսվարողները մտածում են, թե այդ պատճառաբանությամբ քիչ կտուգանվեն, բայց սխալ տեղեկատվության համար նույնպես բարձր տուգանք ենք նշանակել, որ այդ պատճառաբանությամբ չփորձեն խուսափել»:










































