ԱՄՆ-ի Արտադրողների ազգային ասոցիացիան (ԱԱԱ) հայտարարություն է տարածել, որում ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսին հնարավոր ճգնաժամը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչ է արել:
Արդյունաբերությունն «արդեն տնտեսական անորոշության ճիրաններում է»,- նախազգուշացրել է ԱԱԱ նախագահ Ջեյ Թիմոնսը: «Տարեվերջին ԱՄՆ կորուստները կկազմեն ՀՆԱ-ի 0.6%-ի չափով, մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ մի լրացուցիչ կորուստ»,- պարզաբանել է նա` նկատի ունենալով ֆինանսական ռիսկերի հետևանքով կուտակված վնասները:
«Ազգային քաղաքական ղեկավարությունը պարտավոր է պաշտպանել Ամերիկայի ժողովրդին և թույլ չտալ, որ հինգ տարում երկրորդ ճգնաժամը սկսվի»,- ավելացրել է նա:
Եթե ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը համաձայնության չգան, «մեր հարկային ճգնաժամն ավելի կխորանա», շարունակել է Թիմոնսը: Նրա խոսքով` «անդունդ» գլորվելը կնշանակի «6 մլն աշխատատեղերի կորուստ, ավելի քան 11% գործազրկություն, ՀՆԱ զանգվածային կրճատում, այնպիսի ռեցեսիա, որը ծնկի կբերի թույլ տնտեսությունը»: Այս կանխատեսումները հիմնվում են ԱԱԱ-ի կողմից արդեն պատրաստված և տարածված հետազոտության վրա:
Խորհրդակցությունը վարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կոնգրեսի ղեկավարները: Մեկ ժամից ավել տևած քննարկումից հետո նրանք հայտարարել են, որ քննարկումը եղել է «կառուցողական», և խոստացել են շարունակել նույն ոգով: Սակայն պայմանավորվածության հեռանկարները պարզ չեն, փոխանցում է ITAR-TASS-ը:








































